18 04 2022

Այսօր ազգային մտավորականի տեղը հենց փողոցում է, վաղը՝ գուցե, նաև իրական խրամատում. Կարեն Վրթանեսյան

Այսօր ազգային մտավորականի տեղը հենց փողոցում է, վաղը՝ գուցե, նաև իրական խրամատում. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«Ի՞նչ եմ ես սպասում և ինչ չեմ սպասում ընդդիմադիր ուժերի ու գործիչների գործողություններից, և որն է լինելու իմ՝ որպես քաղաքացի, մասնակցությունը։

Նախ՝ չեմ սպասում արագ փոփոխությունների և հստակ «վերջնախաղի»։

Իհարկե, եթե իրադարձություններն արագ զարգանան և Նիկոլն արագ հեռացվի, որպես արդյունք՝ ստեղծվի քիչ թե շատ աշխատունակ ազգային համաձայնության կառավարություն, որն էլ միանգամից լծվի Հայաստանի (ներառյալ Արցախի) պաշտպանության գործին, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ Վրթանեսյան Կարենը և բոլորի գլուխները կտանեմ, թե. «Այ տեսեք, թե ինչ կարգի սխալվեցի այս հարցում»։

Երկրորդը՝ հասկանում եմ, որ ներկա գործընթացները (ինքնաբուխ բողոքի ցույցեր, հետո ապատիա և հուսահատություն, հետո կատաղություն, հետո նոր բողոքներ ևն) ԲՆԱԿԱՆ են, սրանք ճգնաժամում հայտնված ազգային ինքնության դրսևորումներ են։

Շատերդ չեն հավատա, բայց հիմա մեր աչքի առաջ ազգաստեղծման նորմալ գործընթացներ են ծավալվում (այո, մեր հինավուրց ազգը անընդհատ, այսպես ասած, վերածնվում է, վերակերտվում. սա նորմալ երևույթ է բոլոր ազգերի համար)։

Մեր ինքնությունը այլ էր մինչև 44-օրյա պատերազմը, պարտությունից հետո՝ որոշակիորեն այլ։ Հիմա բոլորովս նոր խորհրդանիշներ ենք փնտրում, որոնց շուրջ համախմբումը կօգնի հաղթահարել ինքնության ներկա ճգնաժամը։

Բնականաբար, #հակաՀայաստան-ը ամեն կերպ փորձելու է դրան խանգարել։ Դուխաթափ, կոտրած կամքով, ապատիայի և փոխադարձ ատելության մեջ խեղդված հայեր են պետք ազգի թշնամիներին՝ ներառյալ Նիկոլի թուրքահպատակ ոհմակին։

Երրորդը՝ հարց է առաջանում, իսկ ո՞րն է այսօրվա գործողություններին մասնակցելու իմաստը։ Ես գնալու եմ Օպերայի բակ ոչ թե այս կամ այն գործչին միանալու, ոչ էլ անմիջապես արդյունքների ակնկալիքներով, այլ ազգավերկերտման գործընթացներին մասնակցելու համար։

Ավելի կոնկրետ. լսելու, խոսելու, ազգայնականների մեր խմբի գաղափարները մարդկանց փոխանցելու և իրենց մտքերը «գողանալու» համար։

Նոր մարդկանց ճանաչելու, ոտքի վրա ձևակերպվող բանաձևերը գրանցելու, հղկելու, այդ գաղափարների շուրջ նորանոր մարդկանց հետ համախմբվելու։

Գրածս գուցե շատ վերացական թվա, բայց, բարեկամնե՛ր, առանց այս դժվար փուլն անցնելու, մենք առաջ չենք շարժվելու։ Առանց այս փուլի ազգային ուժերը չեն կարողանալու ստեղծեն ու հղկեն հստակ ասելիք՝ նարատիվներ, չեն կարողանալու դրանցով վարակեն այլոց, ինչը համազգային մոբիլիզացիայի պարտադիր պայման է։

Ասածս չի նշանակում, որ ես ինձ կողմնակի դիտորդ եմ պատկերացնում, և չեմ պատրաստվում ինչ-որ ակտիվ գործողությունների մասնակցել (այն մակաբույծ մտավորականների պես, որոնք տասնամյակներով վայելել են ազգի ռեսուրսները, իսկ հիմա ազգի համար դժվարին պահին իրենց դասալքությունը փորձում են քողարկել. «Իմ գործը կարդալ-գրելն է, իսկ ձերը՝ խրամատ պահելը» տիպի դեմգոգիկ արդարացումներով), ո՛չ, ո՛չ և ո՛չ։

Այսօր ազգային մտավորականի տեղը հենց փողոցում է, խփոցիների մեջ, վաղը՝ գուցե, նաև իրական խրամատում։

Այսօրվա ռացիոնալ ազգայնականը պետք է լինի ցույցերին, մասնակցի զանազան գործողությունների՝ թե՛ փողոցում, թե՛ մեդիադաշտում, թե՛ այլուր։

Մենք բոլորս՝ նախկին «նորմալ կյանքի» իներցիայով, մեր պատմության այս փուլը դիտարկում ենք որպես սև, աղետալի շրջան։

Եթե նորմալի պատրանքը մի կողմ դնենք, կհասկանանք. մենք Հայաստանի վերակերտման որոշիչ մի փուլում ենք և բոլորս վկա ու նաև մասնակից ենք պատմական կարևորագույն գործընթացների։

Որպեսզի այդ փուլը պատվով անցնենք, պետք է սկսենք փոխադարձ վստահություն կառուցելուց։
Չկա վստահություն → չի լինի մոբիլիզացիա։
Առանց մոբիլիզացիա → չի լինի գործողություն։
Չլինի գործողություն → հակաՀայաստանը շարունակելու է ոչնչացնել Հայաստանը։
#ռացիոնալԱզգայնականություն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ