12 12 2022

Սա ռուսաստանցի խաղաղապահներին հեղինակազրկելուն ուղղված քայլ է. Գեղամ Նազարյան

Սա ռուսաստանցի խաղաղապահներին հեղինակազրկելուն ուղղված քայլ է. Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Արձանագրենք, որ սա ռուսաստանցի խաղաղապահներին հեղինակազրկելուն ուղղված քայլ է։

Անկասկած, փորձելու են մեզ ներքաշել ինչ որ անհասկանալի մաքսակետի տեղադրման հարցի քննարկումների մեջ։

Փորձելու են արցախցիներին նյարդայնացնել այլ նմանատիպ, այսպես կոչված, ակցիաներով և վախեցնել, օրինակ, ասելով, որ ցեղասպանության վտանգ կա։

Այս ամենն անելու են, որ Արցախը հայաթափվի։ Ի վերջո 2020_ի նոյեմբերի 9_ին Արցախը հայաթափելու ամբողջական ծրագիրը ձախողվեց, և այս գործողությունն ուղղված է ոչ միայն հայերի, արցախցու, այլ նաև Ռուսաստանի դեմ։

Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով։ Ի՞նչ գործ ունեն ռուսաստանցի զինվորականները, եթե Արցախում հայ չկա։

Իսկ ի՞նչ այլ խնդիր են լուծում ադրբեջանցի կեղծբնապահպանները, բացի ճանապարհ փակելուց։ Սա սովորական ծուղակ է։ Նրանք վրան են դնում։ Հետո մոտենում են հայեր, ասում են հեռացեք, այդ ընթացքում միմյանց վիրավորելուց բացի նաև վիճաբանում են, հարցեր քննարկում ու միջազգային հանրությանն ասում են` տեսեք, համատեղ հնարավոր է ապրել։

Հենց այս պատճառով ընդամենը պետք է խաղաղապահներին հորդորել բացել ճանապարհը և ոչ մի շփման մեջ չմտնել բնապահպանի դիմակով ադրբեջանցի հատուկ ծառայության աշխատակիցների հետ։

Ընդհանրապես, սիրելի ընկերներ, աշխատեք ծուղակը չընկնել։ Իսկ այսօր հանրության ակտիվ հատվածի մի ստվար մասը համացանցում ակտիվորեն տարածում է նիկոլի խոսքերը, ոգևորված նրանով, որ նա չի վիրավորվում, երբ իրեն ... ասում։ Տարածում են նաև նրա և կնոջ համատեղ լուսանկարը։ Ընդ որում, արդեն իսկ պարտադիր չէ, թե ինչ եք գրում լուսանկարը տարածելուց։ Կարևորը դուք տարածում եք նիկոլի և նրա կնոջ լուսանկարը, դրանով նրանց լրացուցիչ ուժ և էներգիա տալով։
ԵՎ չնայած այս ամենին Հայաստանը ուղղելու է իր մեջքը, իսկ Արցախի Հանրապետությունն էլ մնալու է հայկական։

Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ։
ԵՎ իհարկե, Արևի պես երկիր իմ, կվառվես վառման։
Կանգնեք արժանապատիվ, այնպես ինչպես մեր լեռներն են կանգուն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ