28 07 2023

Արցախի ժողովուրդը պայքարից չի հրաժարվել ու չի հրաժարվելու․ Գուրգեն Ներսիսյան․ Alphanews.am

Արցախի ժողովուրդը պայքարից չի հրաժարվել ու չի հրաժարվելու․ Գուրգեն Ներսիսյան․ Alphanews.am

Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է Արցախի ապաշրջափկման պահանջով շարունակվող համաժողովրդական շարժման հետագա գործողություններին, Հայաստանի վարչապետի ասուլիսում արցախցիների վերաբերյալ հնչած հայտարարություններին, Մոսկվայում Միրզոյան- Լավրով- Բայրամով հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Ակնայով (Աղդամով) Ստեփանակերտ մարդասիրական մատակարարումներ կատարելու առաջարկին:

Պարոն Ներսիսյան, հուլիսի 17-ին, երբ Արցախի նախագահը նստացույց սկսեց, հայտարարեց, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, ապա դիմելու են ավելի կոշտ գործողությունների եւ՛ Արցախում, եւ՛ դրանից դուրս:

Հուլիսի 26-ին Արայիկ Հարությունյանը դադարեցրեց նստացույցը՝ համարելով, որ իր նստացույցն ու համաժողովրդական շարժումը որոշակի արդյունք են ապահովել միջազգային ուշադրություն հրավիրելու եւ գործնական քայլերի մղելու հարցում:

Չնայած Արցախի նախագահի այս հայտարարությանը՝ տեսնում ենք, որ Արցախում վիճակը չի կայունացել, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, անգամ Հայաստանից ուղարկված շուրջ 400 տոննա հումանիտար օգնությունը թույլ չի տրվում տեղափոխել Արցախ:

Տպավորություն է, թե Արցախի իշխանությունը հրաժարվել է կոշտ գործողությունների դիմելու իր մտադրությունից, ինչո՞ւ:

Գուցե Ձեր ու նախագահի պատկերացրած կոշտ գործողություններն իրենց արտահայտման ձեւով տարվերվում են միմյանցից, դրա համար է նման կարծիք ձեւավորվել: Բայց իրականում Արցախի ժողովուրդը պայքարից չի հրաժարվել ու չի հրաժարվելու: Այս պայքարը մեր լինելիության համար է, դրանից ինչպե՞ս կարելի է հրաժարվել: Իրականում ցավում եմ, որ Արցախում ստեղծված իրավիճակը անհրաժեշտ չափով չի ընկալվում նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում:

Համաժողովրդական շարժումն ըստ Արցախի նախագահի՝ շարունակվում է, այդ թվում՝ նստացույցերը: Ի՞նչ գործողություններ են արվում, հետագա քայլերը որո՞նք են լինելու:

Համաժողովրդական շարժման նպատակն է ցույց տալ Արցախում ստեղծված իրավիճակը, արթնացնել հայ ժողովրդին, վերահաստատել, որ անկախ ստեղծված իրավիճակից ու դժվարություններից՝ Արցախի ժողովուրդը չի հպատակվելու, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անսակարկելի է: Շարժման նպատակն է նաեւ վերահաստատել, որ հայ ժողովուրդը դեմ է Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու քաղաքականությանը: Մենք այդ համոզմունքն ունենք եւ անձամբ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի հայ ժողովուրդն այդ զարթոնքը ապրի ու հանուն Արցախի կրկին ոտքի կանգնի: Ես ամենեւին նկատի չունեմ պատերազմներ, արյունահեղություններ, արդի դիվանագիտությունը կարող է թույլ տալ հասնել խաղաղ կարգավորումների, եթե մենք բոլորս միաբանված լինենք Արցախի շուրջը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ընթացքում բավականին կոշտ խոսեց արցախցիների մասին: Ուշագրավ էր հատկապես Արցախին տրամադրվող 150 մլրդ դրամի մասին հայտարարությունը, երբ նա սարկազմով ասաց, թե գոնե այդ գումարով աջափսանդալի մատերիալ աճեցնեին եւ փոխարենը չդժգոհեին, որ իր կինը ֆեյսբուքում հրապարակում է իր աճեցրած բանջարեղենը:

Պարոն Ներսիսյան, հետաքրքիր է՝ Հայաստանից տրամադրված այդ գումարն ի՞նչ նպատակի է ծառայել եւ արդյոք արցախցիները բանջարեղեն չեն մշակել, թե շրջափակման հետեւանքով առաջացած խնդիրների պատճառով հնարավոր չէ աճեցված բերքը մատակարարել խանութներին:

 —Ես Արցախի Հանրապետության գործադիր իշխանությունում աշխատում եմ 2023թ. մարտի 1-ից եւ կարող եմ ցանկացած պահի հաշվետվություն ներկայացնել Արցախին տրամադրված ամեն կոպեկի վերաբերյալ, քանի որ իրականում այդ գումարները ծախսվել են բացառապես աշխատավարձ, կենսաթոշակներ, սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու համար: Շինարարություններ, հանքերի շահագործման աշխաատանքներ չեն կատարվել, որ մտածենք՝ գուցե ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ են գործել: Իմ պաշտոնավարման ընթացքում ուղղակի չեք պատկերացնում թե որքան ուղղություններով ուղղակի զրոյացրել եմ ֆինանսավորումը: Ի վերջո նախկին գլխավոր դատախազին՝ պետական նախարարի պաշտոնում նշանակվելուս եւ նման քայլի գնալու իմ նպատակը եւս եղել է այն, որ ես կարողանամ հասնել պետական միջոցների մաքսիմալ խնայողաբար օգտագործմանը:

Այս բյուջետային տարում Արցախը եղել է շրջափակման մեջ եւ բոլորի համար զարմանք էր առաջանում, երբ ես խոսում էի հարկ վճարելու մասին, բայց հավատացեք՝ միայն առաջին կիսամյակում մենք հավաքագրել ենք ավելի քան 11.0 միլիարդ դրամի չափով հարկ, իհարկե այն պլանավորվածը չէր, բայց մենք համառորեն, բազմաթիվ քննադատությունների արժանանալու ճանապարհով գնացել ենք այդ քայլին, որպեսզի մեր դեֆիցիտը ստիպված չլինենք Հայաստանի Հանրապետությունից խնդրել: Ամեն դեպքում մեղմ ասած ցավում եմ, որ ՀՀ-ից Արցախին տրվող դրամական միջոցների նպատակային ծախսի վերահսկման հարցը առաջին անգամ ծագեց այն ժամանակ, երբ Արցախը գտնվում էր շրջափակման ընթացքում եւ ավելի քան երբեւէ ուներ ֆինանսական աջակցության կարիք:  

Ի դեպ, Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ ասուլիսից մեկ օր անց Հայաստանից շուրջ 400 տոննա հումանիտար օգնություն Արցախ ուղարկելու որոշումը, որը մինչեւ հիմա տեղ չի հասել: Ի՞նչ տեղեկություններ ունեք՝ այդ բեռը Լաչինի միջանցքով կհասնի՞ Արցախ:

Անկեղծ ասած՝ ես այդ գործընթացի կազմակերպչական մասից տեղեկացված չեմ, հետեւաբար չեմ կարող ասել՝ ինչ ճակատագիր կունենա այն: Հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծը, կարծում եմ, որ եթե անհրաժեշտ միջազգային ճնշումներ չլինեն, Արցախի ժողովրդի նկատմամբ ծայրահեղ թշնամաբար տրամադրված Ադրբեջանը դա թույլ չի տալու:

Դուք հղում անելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ ասել էիք, թե դրանից պարզ է, որ Հայաստանի կողմից արդեն որոշվել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը, կամ Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ: Դուք նշել էիք, որ եթե Հայաստանի կողմից չհերքվի այս հանգամանքը, ուրեմն կարելի է արձանագրել, որ Հայաստանն իջեցրել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»:

Հայաստանից այդպես էլ արձագանք չեղավ այս հայտարարությանը, այսինքն՝ չհերքվեց Ձեր այդ մտահոգությունը: Ինչպե՞ս կարձագանքեք սրան:

Վերստին հայտարարում եմ, որ Արցախում ստեղծված իրավիճակը ոչ լիարժեք է ընկալվում Արցախից դուրս: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո անցել են տարիներ, այդ ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, ամեն անգամ հնչել են ամենատարբեր հայտարարություններ, յուրաքանչյուր անգամ Արցախի ժողովուրդը այս կամ այն հայտարարության մեջ փորձել է մի հուսադրող բառ կամ նախադասություն գտնել, մտածելով, որ մեր շահերը լիարժեքորեն ներկայացվում ու պաշտպանվում են, բայց ժամանակի ընթացքում պարզվել է, որ մենք անընդհատ գահավիժել ու շարունակում ենք գահավիժել:

Ամեն անգամ նոր բացահայտումներ են արվում ամենատարբեր պաշտոնատար անձանց կողմից: Ի վերջո այս ամենին պետք է վերջ տրվի ու ամեն ինչ տեղափոխվի անկեղծության դաշտ, անընդունելի են Արցախի ժողովրդի թիկունքում մեր իրավունքներին ու կարմիր գծերին առնչվող հարցերի շուրջ քննարկումներն ու որոշումները՝ առանց մեզ տեղեկացնելու կամ մեր կարծիքը հաշվի առնելու: Նույնը նաեւ Լավրովի հայտարարությանն է վերաբերում:

Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշել են Ստեփանակերտ-Բաքու երկխոսության նման խոսույթ, ապա այդ դեպքում հարց է ծագում, թե դա ինչպե՞ս է որոշվել կամ ինչո՞ւ է որոշվել, իսկ եթե Լավրովի այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, ապա այդ մասին պետք է հայտարարի Հայաստանի Հանրապետությունը: Այս ամենը լսելուց հետո բազմաթիվ հարցեր են ծագում արցախցիների մոտ, թե ինչու են բոլորը, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները, անընդհատ խոսում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին, եթե քննարկման նյութը դա է, դրա հրապուրիչը ո՞րն է, որ բոլորն այդքան ձգտում են:

Սրանք հարցեր են, որոնք չեն կարող չբարձրաձայնվել եւ որոնց պատասխանների հետեւից պետք է գնալ: Ի վերջո այս ամենն անձնական հարցեր չեն, դրանք իմ անձին կամ նախասիրություններին չեն վերաբերում, դա վերաբերում է իմ հայրենիքին, իմ ծննդավայրին, մեր ժողովրդից յուրաքանչյուրի ճակատագրին, անձամբ իմ ընտանիքի ու չորս երեխաներիս ճակատագրին, ի՞նչ եք կարծում՝ կա՞ մի բան, որ կարող է զերծ պահել ինձ այդ ամենը պաշտպանելուց, իհարկե՝ ոչ:

Դուք անտանելի էիք համարել Ռուսաստանի պատճառաբանություններն ու ստեղծված աղետալի իրավիճակին առարկայական լուծում չտալու նրանց մոտեցումը:

Կոնկրետ ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից եւ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ռուսաստանը չի լուծում այս խնդիրը:

Մենք՝ Արցախի ժողովուրդը, ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է կատարի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պարտավորությունը եւ Լաչինի միջանցքը պահի իր վերահսկողության տակ, որը թույլ կտա ապահովել միջանցքով մարդկանց, բեռների ու տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը: Իսկ թե ինչու Ռուսաստանը դա չի անում, ապա այդ հարցին պատասխանելու համար պետք է ներգրավված լինես բանակցային գործընթացում կամ գոնե խորությամբ տիրապետես դրան, բայց քանի որ ես տեղյակ չեմ, թե ամենանգամյա հանդիպումների ու քննարկումների ընթացքում ի վերջո ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում կամ ինչի մասին են խոսում, ապա այդ հարցին չեմ կարող պատասխանել:

Իսկ որքանո՞վ է տանելի Միացյալ Արեւմուտքի դիրքորոշումը՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Դա որեւէ կերպ տանելի ու ընդունելի չէ: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ այս մոտեցումը ոչ թե մեր կողմից զուտ համառություն կամ քմահաճույքի ցուցադրում է, այլ դա մեր գոյությունը պահպանելու միակ հնարավորությունն է: Հենց նույն նպատակով մեր ծնողները տասնամյակներ առաջ գնացին ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով, որպեսզի մենք լինենք, որպեսզի Արցախում ապրող հայ ժողովուրդը չոչնչացվի: Երբ խոսում են Ադրբեջանի հետ բանակցությունների եւ միջազգային հանրությանը ներկայացվող տեղեկությունների մասին, ես միշտ պատկերացնում եմ, որ այնտեղ խոսելու մի թեմա կա, դա այն է, ինչ քիչ առաջ նշեցի: Հիմա ձեր հարցին ուղիղ պատասխանելով պետք է ասեմ՝ որքանո՞վ է տանելի մեր ժողովրդի ոչնչացման տանող ծրագիրը՝ ոչ մի կերպ: 

Պարոն Ներսիսյան, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր, թե Բրյուսելում հուլիսի 15-ին եռակողմ հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար բեռները Աղդամի ճանապարհով Արցախ հասցնելու վերաբերյալ:

Դրանից մեկ օր առաջ, սակայն, Հայաստանի վարչապետը ուղիղ չէր ասել հանդիպմանը քննարկվե՞լ է այդ հարցը, թե՞ ոչ, միայն նշել էր, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն իր համար անակնկալ չէր, բայց ինքը նման հարց չի քննարկել, որովհետեւ չի կարծում, թե նման հարց քննարկելու անհրաժեշտություն եւ մանդատ ունի:  

Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարություններին: Ձեզ ի՞նչ է հայտնի՝ եռակողմ հանդիպմանը քննարկվե՞լ է այդ հարցը:  

Ես չեմ կարող ասել նման հարց քննարկվել է, թե ոչ, բայց եթե քննարկվել է, ապա շատ կարեւոր են նման քննարկումների ժամանակ այդպիսի առաջարկների առնչությամբ արձագանքները:

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել է, թե պետք է եւ՛ Աղդամի, եւ՛ Գորիսի կողմից առեւտուր սկսվի, սա ըստ նրա՝ ուզենք, թե չուզենք լինելու է: Պաշտոնական Ստեփանակերտն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:

Ես գիտեմ Արցախի ժողովրդի միասնական տեսակետը, որն ամեն հանրահավաքի ժամանակ ժողովուրդը միաձայն գոչում է: Երբ ժողովուրդը, դիմանալով բոլոր տեսակի դժվարություններին, այդօրինակ հարցերի առնչությամբ մնում է անսասան ու պինդ, դրան զուգահեռ արվող նման հայտարարություններն ուղղակի հարված են ժողովրդի ողնաշարին: Դրանք գործընթացին վնաս են եւ՛ իրավական, եւ՛ քաղաքական, եւ՛ բարոյական առումներով:

Եթե այդ ամենը գիտակցելով է արվում, ապա դա հավելյալ մտահոգություններ է առաջացնում: Ժողովուրդը միաձայն ասում է մի բան, իսկ դրան զուգահեռ կողքից դիտավորությամբ թե անզգուշությամբ անընդհատ կրկնվում է մեղմ ասած՝ Արցախի եւ մեր ժողովրդի համար ոչ բարենպաստ մեկ այլ թեզ, թե ինչու է դա արվում, անհասկանալի է ինձ: Ի վերջո մարդիկ կարող են ունենալ ներքին համոզմունքներ, գնահատականներ, բայց դա անընդհատ համաժողովրդական ցանկությանը հակադրելով պնդելը կամ բարձրաձայնելը շատ հարցեր է առաջացնում:  

Իսկ թեզը, որ ուզենք, թե չուզենք, դա լինելու է, անընդունելի է, քանի որ այն ադրբեջանական թեզի կրկնությունն է: Ես անընդունելի եմ համարում Ադրբեջանի թելադրանքով շարժվելը, եթե աշխարհը դեռեւս չի համոզվել, մենք գոնե գիտենք, թե մեզ ինչ է սպասվում այդ պարագայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ