10 11 2023

Երանի՜ Արցախում լինեինք՝ մեր օջախներում, անգամ հացի հերթերում. Արցախցի ուսուցչուհի

Երանի՜ Արցախում լինեինք՝ մեր օջախներում, անգամ հացի հերթերում. Արցախցի ուսուցչուհի

Մարտակերտի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Նատաշա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարտակերտում մնաց իմ վերջին դասը սեպտեմբերի 18֊ին 10-րդ ա դասարանում։ Տնային հանձնարարությունը Արցախի  շրջափակման մասին էր, որ կարդացին աշակերտները։

Մելինե Բեջանյանը, համեստության մեջ ամփոփված, երբևէ տեսանելի չէր դարձրել  իր ծանր ապրումները, բայց  գրած տողերից իմացա, թե ինչպես է իրենց ընտանիքը կրում շրջափակման դառը  հետքերը։

<<Սկզբից լուրջ չէի վերաբերվում Արցախի շրջափակմանը, չէի հասկանում պահի լրջությունը, սակայն, երբ թշնամին իր դիրքերն ավելի ամրապնդեց Բերձորի միջանցքում, հասկացա, որ վիճակը բավականին վատ է։

Այստեղ մեծ դժվարությամբ են մարդիկ հաց գնում կտրոններով։ Ալյուրն արագ սպառվում է։ Խանութները վաղուց  դատարկված են, դեղատները` նույնպես։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչու՞ են 120 հազար արցախցիներն  անտեսված աշխարհի կողմից։  Գիտենք, որ թշնամու նպատակը Արցախը վերցնելն է, որը փորձում է իրականացնել` ժողովրդին սովի մատնելով։ Աշխարհը լուռ նայում է, թե ինչպես է թշնամին  շրջափակմամբ  ցեղասպանություն իրականացնում։ Չեմ ուզում հավատալ, որ մեր օրերում 1915-ի դառը  ճակատագրին ենք մատնվելու։

 Ինձ համար այս ամենի մեջ ամենացավոտը հորս ու մորս կոտրված ու հիասթափված տեսնելն է։ Դպրոցից տուն եմ հասնում`  ուրախացնելու ծնողներիս  իմ  ստացած բարձր գնահատականներով, քաջ գիտակցելով, որ հայրս դիրքերում է, մայրս` հացի հերթերում։

Իսկ ամենացավոտը գիտե՞ք որն է, երբ մայրդ երկու-երեք ժամ հերթ կանգնելուց հետո դատարկ ձեռքերով գալիս է տուն և մեղավորի հայացքով նայում մեզ։ Չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգում այդ պահին, բայց առավել շատ ատելությամբ եմ լցվում ամեն ինչի հանդեպ։ Ես նախընտրում եմ քաղցած գիշերել, քան տեսնել, թե ինչպես են ծնողներս հացի հերթերում ժամերով կանգնում։ Եվ այս վիճակում է Արցախում ապրող յուրաքանչյուր ընտանիք։

Մի քանի անգամ ես ու եղբայրս փորձել ենք համոզել ծնողներիս, որ մենք նույնպես կարող ենք հացի հերթերում կանգնել, սակայն նրանց պատասխանը միշտ նույնն է եղել. «Ձեր գործը միայն դաս սովորելն է»։

Նրանց հետ ես համամիտ եմ, ուսումը կարևոր է, բայց ի՞նչ սրտով դաս անես, երբ գիտես, որ ծնողդ անձրևի տակ հացատան դիմաց կանգնած է։

 Երկու օր առաջ լսեցի, որ  հարևանուհուս մայրը աղ է պատրաստել, ինձ հետաքրքրեց այն։ Հարցրի,  նա հաճույքով պատմեց, թե ինչպես է ծովի հող բերել, մշակել և ստացել աղ։ Սուրճ նույնպես չկա, սակայն մենք այն  ստանում ենք սիսեռ և գարի բովելով։  Եվ դրանից հետո  կարելի է ենթադրել, որ արցախցին ամեն ինչին կդիմանա, չեղածը կստեղծի, միայն թե իր հողի վրա մնա։

 Ուսուցիչները դասարան մտնելուն պես` առաջին հարցը, որ տալիս են,  թե հաց կերե՞լ եք,   ոմանք  լուռ են մնում...Մենք չգիտենք` վաղը ինչ է լինելու,  սպասումով  ենք ապրում։ Ամեն օր լսում ենք, որ վիճակը լարված է, բայց   հուսով եմ`  ամեն բան լավ է լինելու>>։

Մելինե', սիրելի'ս, երանի՜  թե  ամեն ինչ լավ լիներ,  անգամ հացի հերթերում լինեինք... Գոնե  զոհեր չունենայինք, Արցախում  լինեինք, մեր օջախներում, մեր աշխատանքին...»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ