22 02 2024

Փոխվարչապետը հայտնել է, թե ինչ քարտեզներով է արվելու դելիմիտացիան

Փոխվարչապետը հայտնել է, թե ինչ քարտեզներով է արվելու դելիմիտացիան

Մենք ունենք համատեղ հաստատված աշխատակարգ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումներին և դրանցից հետո արվող հաղորդագրություններին:

«Սահմանազատման հարցը, ցանկացած պարագայում շատ զգայուն հարց է: Մենք պայմանավորվել ենք, որ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք համատեղ մամուլի հայտարարությունը:  Հակառակ դեպքում դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենա: Եթե ամեն կողմը վերադառնա եւ սկսի մեկնաբանել կամ հանրային քննարկել աշխատանքների արդյունքները, դա արդյունավետ չի լինի:

Դիլետանտական է մոտեցումը, որ մենք կարող ենք գնալ հանձնաժողովում հանդիպենք եւ ինչ-որ բան իրար հանձնենք: Դա շատ նաիվ է:

Երկրորդը, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք որոշումների կայացման շատ որոշակի սահմանադրական ու օրենսդրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել»,- ասել է նա:

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման մասին՝ Գրիգորյանն ասաց, որ ամսաթիվը դեռ որոշված չէ։

«Իքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացն ինչ բարդ է: Խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետեւ շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ կամ մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք  այլ որակ ու տրամաբանություն ունեն:

Երկրորդը, իրականում, դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ, նախ և առաջ իրավական հիմք ու հենքի բացահայտումն է, որի հիման վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։ Ընդ որում, ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ ԽՍՀՄ ժամանակ իրավունք է ունեցել քարտեզ կազմել կամ տպագրել: Այս բոլոր նյուանսները շատ կարևոր են ու մեր աշխատանքներում պետք է հասցեագրվեն»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ