27 02 2024

Զելենսկու այցը կդառնա Ադրբեջանի հարձակման կատալիզատոր․ Արեգնազ Մանուկյան



Ըստ Փաշինյանի՝ Հայաստանն ինքնիշխան է այն դեպքում, երբ Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրություն է փոխում, Թուրքիայի պահանջով՝ ուրանում է Հայոց ցեղասպանությունը, Արևմուտքի պահանջով՝ թշնամանում է Ռուսաստանի և Իրանի հետ։  Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Օրեր շարունակ լուրեր են տարածվում այն մասին, որ Ուկրաինայի տխրահռչակ նախագահ Զելենսկին այցելելու է Հայաստան։ Նույնիսկ օր է նշվում՝ մարտի 4։ Նիկոլ Փաշինյանի գրասենյակից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են այդ լուրը, ինչը նշանակում է, որ դեռ վերջնական հստակություն չկա այդ հարցում։  Այս փուլում  հանրային տրամադրություններն են ստուգվում՝ տարատեսակ օդիոզ ՔՊԿ-ականների միջոցով։

Զելենսկուն բարի գալուստ մաղթելուց, ճորտությունից ու ինքնիշխանությունից խոսում է նախկին ու ներկա իշխանությունների մոտ ճորտի պես իրեն պահած ու «ժողվարչապետի» սիրած ներքնաշորային թեմաների «հերոս» աշխատած մեկը, որը ժամանակին այդ ամենի գծով պատասխանատու է եղել պաշտպանության նախարարությունում։ Ակնհայտ է, որ Զելենսկու այցը Հայաստան ձգտում են կազմակերպել դրսի ուժերը՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու նպատակով ու Հայաստանի՛ գնով։ Նիկոլ Փաշինյանին այդ ներկայացման մեջ վերապահված է հայկական Զելենսկի կամ Սահակաշվիլի խաղալու դերը։  

Փաշինյանն, իր անձնական հաշվարկներից ու շահերից ելնելով՝ Հայաստանը դարձրել է մանրադրամ Ռուսաստան-Արևմուտք, Իրան-Արևմուտք հակամարտության մեջ։ Մեզանում խեղաթյուրվել է ինքնիշխանություն հասկացությունը։ Այն փոխարինվել է դաշնակիցներից զուրկ, այլոց ձեռքում խամաճիկ դարձած երկրի գաղափարով։ Նիկոլ Փաշինյանը նույն բանն է հիմա բերում Հայաստանի գլխին, ինչ բերեց Արցախի գլխին։ Նա անում է նույնը, ինչ Զելենսկին արեց Ուկրաինայի հետ՝ այն վերածելով ավերակների։  Եթե Զելենսկու  այցը տեղի ունենա, ապա դա կլինի սադրանք Հայաստանի՛ դեմ։ Դա հայ-ռուսական հարաբերություններում կլինի այն անդառնալիության կետը, որից կշտապի օգտվել Ադրբեջանն ու կհարձակվի Հայաստանի վրա։

Զելենսկու այցը կդառնա Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման կատալիզատոր։ Բաքուն նման մի առիթի է սպասում, որպեսզի Մոսկվայի ու Երևանի փչացած հարաբերություններից օգտվի։ Նիկոլ Փաշինյանը խաբել է, թե, իբր, խաղաղություն է բերելու։ Նա ամբողջությամբ տապալվել է իր քաղաքականության մեջ ու հիմա բացառապես իր կաշին փրկելու քայլեր է ձեռնարկում՝ մեր երկրի՛ հաշվին։ Նա բերել ու բերում է պատերազմ, պարտություն, կորուստներ ու զոհեր։

Խաղաղության ու զարգացման հասնելու կարևորագույն նախապայմանն ամբողջական իշխանափոխությունն է։ Մնացած բոլոր սցենարները Հայաստանի դեմ են։ Միայն Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր անվտանգություն և պետականության պաշտպանություն ստանալ»,- նշեց նա։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ