01 03 2024

Հանդարտվե’ք, պարոնայք. Մետաքսե Հակոբյան

Հանդարտվե’ք, պարոնայք. Մետաքսե Հակոբյան

Ադրբեջանի զինված ուժերի  կողմից օկուպացված Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը  գրում է.

«Նկարում մեր ընտանիքի ընկերոջ հասակակիցներն են…Մեր ընկերն ու ավագ քույրը Աստծո կամոք փրկվել էին Սումգայիթի ջարդերից…

2008-ի փետրվարն էր…Ստեփանակերտում դեռ տուն չունեինք, վարձակալած բնակարանում էինք ապրում։ Երեկոյան ընկերների հետ արդեն ավանդույթ դարձած թեյախմությունն էր «մեր» տանը։

20 տարի էր անցել ու մեր ընկերն առաջին անգամ սկսեց պատմել։ Ադրբեջանցիների հրոսակախումբն արդեն իրենց փողոցում էր։ Ծնողները երեխաներին հասցրեցին թաքցնել նկուղում, երբ արնակալած աչքերով, վայրագները տուն մտան։ Քույր ու եղբայր փորձում էին գլխավերևի ճեղքերից ինչ-որ բան տեսնել, երբ արյան կաթիլները սողոսկելով տախտակների ճեղքերից, անձայն խառնվելով նկուղի հողե հատակին, ականջաթաղանթները պայթեցնող լռությամբ պարուրեցին։ Երեխաները շունչները պահած, սարսափի կանխազգացումով, դուրս եկան նկուղից։

Մեր ընկերը լռեց, մենք ևս լուռ էինք, չնկարագրվող ծանրություն կար…արդեն երկու երեխաների հայրը՝ հասուն տղամարդ, սկսեց հեկեկալ և հեկեկոցի մեջ արհավիրքն էր. «Հորս ու մորս գլխատել էին»… 2008-ից ևս 16 տարի է անցել, բայց ադրբեջանցու (թուրքի) նպատակը չի փոխվել՝ սպանել հային։ Փոխել են հայի նպատակները՝ վախենալ ամեն տեղ ու ամեն ինչից, մուրալ, պահել հայատյաց իշխանություն, որն իրենց աչքի առաջ, լուռ համաձայնությամբ, իսկ ավելի հաճախ վարելով հակահայ «քաղաքականություն», մասնակիցը դարձավ Արցախի հանձմանը թշնամուն ու 150000 հայերի գաղթին…                                                                                          

Հ.Գ. Սումգայիթի ջարդերից, Արցախի ազատագրական պայքարի մեկնարկից 36 տարի անց, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, պատգամավորը առաջարկում է ՀՀ Կառավարությանը Արցախից բռնի տեղահանված հայերին հնարավորություն չտալ բնակվել Երևանում կամ հարակից բնակավայրերում, այլ բնակեցնել դատարկված կամ դատարկվող գյուղերում։ Իսկ Արցախի հայերի անունից կամ նրանց փոխարեն առաջարկ անողներին կամ որոշում ընդունողներին հիշեցնեմ. մենք Հայրենիք ենք կորցրել, որտեղ մեր օջախներն են, մեր հարազատների շիրիմներն են, ձեր որոշումների արդյունքում…մեզ է մնացել մեր չափազանց զգայուն դարձած արժանապատվությունն ու անպայման Արցախը վերադարձնելու ուժգնացող ցանկությունը…Հանդարտվե’ք, պարոնայք»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ