01 04 2024

Արցախի ԱԱԾ աշխատակիցների պոտենցիալը պիտի օգտագործվի. Հայտարարություն

Արցախի ԱԱԾ աշխատակիցների պոտենցիալը պիտի օգտագործվի. Հայտարարություն

 

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«ԱԱԾ-ում մշտապես եղել է համակարգից դուրս գտնվող գործընկերների նկատմամբ հոգածու վերաբերմունք. Այս ավանդույթը քաջալերվել է կառույցի ղեկավարության կողմից, որն այսօր կարծես մոռացության է մատնվել մասնավորապես Արցախից Հայաստան տեղափոխված ԱԱԾ աշխատակիցների պարագայում: Այնինչ պիտի տեղի ունենար հակառակը` նրանց պոտենցիալը պիտի օգտագործվեր ոչ միայն հումանիստական մոտեցումներից ելնելով` սոցիալ-կենցաղայի խնդիրները լուծելու համար, այլև Հայաստանի անվտանգության ամրապնդման նպատակով` հաշվի առնելով ահռելի փորձը, որը մեր գործընկերներն ըստ էության կուտակել են առաջնագծում հակառակորդի դեմ պայքարի ընթացքում:

Իրավիճակը շտկելու, ԱԱԾ գործող ղեկավարության ուշադրությունը հիմնախնդրի վրա բևեռելու համար ներկայացնում ենք հետևյալ փաստարկները`

- ԱՀ ԱԱԾ հակահետախուզության և ռազմական հակահետախուզության աշխատակիցները ծառայությունը երկար ժամանակ իրականացրել են հակառակորդի կողմից երկրի վրա առկախված ամենօրյա վտանգի, կազմակերպվող սադրանքների պայմաններում։ Նրանց մեծամասնությունն ունեցել է անմիջական մասնակցություն Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններին, դրա հետ միասին իրականացրել է գործառնական պարտականություններով իրեն վերապահված օպերատիվ սպասարկումը,

- ԱՀ ԱԱԾ աշխատակիցների որոշ մասը մասնագիտական ուսումը ստացել է նեղ մասնագիտական բարձրակարգ ուսումնական  հաստատություններում, վերապատրաստվել, դասընթացներ է անցել համապատասխան ուսումնական կենտրոններում,

 - ԱՀ ԱԱԾ ծառայության կազմում գործած, ԱԹՍ-ների միջոցով հետախուզության և այլ մարտական խնդիրների կատարումն ապահոված աշխատակիցների փորձը /նոր սարքերի, ծրագրային ապահովման և զինամթերքի մշակման աշխատանքներ, դրանց կիրառման նոր մեթոդներ/ անգնահատելի է Հայաստանի  պայմաններում,

- ԱՀ ԱԱԾ ռադիոհակահետախուզության բաժնի աշխատակիցները

 Արցախի Հանրապետության պաշտպանողական միջոցառումների կազմակերպման ընթացքում կիրառել են ռադիո-էլեկտրոնային գործառույթ, իրականացրել են հակառակորդի կողմից կիրառված ՌԷՊ միջոցների, վնասազերծված ու գրավված իսրայելական և թուրքական ԱԹՍ-ների մանրամասն ուսումնասիրություն,  ներկայացրել համապատասխան առաջարկներ,

 - ԱՀ ԱԱԾ տեղեկատվական վերլուծական բաժնի աշխատակիցները տարիների ընթացքում սովորել են ճիշտ հասկանալ հակառակորդի և այլ երկրների բաց աղբյուրների տեղեկատվական հոսքը, տեսնել և ճիշտ գնահատել օպերատիվ արժեքը, հետախուզական տվյալների հետ համադրման արդյունքում ստանալ այդքան կարևոր արդիական վերլուծություն,

 -ԱՀ ԱԱԾ կապի, տեղեկատվական անվտանգության աշխատակիցները կուտակել են խաղաղ և ռազմական գործողությունների ընթացքում հաղորդակցության կազմակերպման և դրա հիման վրա կապի համապատասխան հանգույցների ստեղծման, իսկ տեխնիկական բաժնի աշխատակիցները`  տեսողական հետախուզության կազմակերպման նպատակով ԱՀ ամբողջ սահմանի երկայնքով և ՀՀ շփման գծի որոշ հատվածներում տեսադիտարկման համակարգերի տեղադրման անգնահատել փորձ։

ԱՀ ԱԱԾ գործընկերների հետ մեր շփումները վկայում են, որ  հնարավորություն ընձեռելու դեպքում պատրաստակամ են  օր առաջ ներգրավվել Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներում:  Հետևաբար պատերազմի ամենօրյա ռիսկում գտնվող մեր երկրի համար աններելի է չօգտագործել նման մարդկանց ներուժը,  փորձն ու գիտելիքները:

Չպետք է մոռանալ, որ պաշտոնը ժամանակավոր է, իսկ  ավանդույթները` մնայուն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ