24 03 2022

Եթե թշնամին գրավի Քարագլուխ բարձունքը, դա կբերի շատ ծանր վիճակի, այնտեղից երևում են բոլոր բնակավայրերը. Ա․ Գաբրիելյան․ News.am

Եթե թշնամին գրավի Քարագլուխ բարձունքը, դա կբերի շատ ծանր վիճակի, այնտեղից երևում են բոլոր բնակավայրերը. Ա․ Գաբրիելյան․ News.am

News.am-ը գրում է․ Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ եթե հանկարծ Ադրբեջանը գրավի այն, այնտեղ կա հովիտ, որտեղից երեւում է բոլոր բնակավայրերը՝ Ասկերանի բոլոր գյուղերից մինչեւ Ստեփանակերտը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Ասկերանի վարչակազմի նախկին ղեկավար, Արցախի խորհրդարանի երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը։

«Փառուխը շատ փոքր բնակավայր է եւ ադրբեջանցիները պատահական չեն ընտրել այդ գյուղը, որովհետեւ այդտեղից ճանապարհն ուղիղ տանում է Քարագլուխ բարձունքը։ Նախ եւ առաջ իրավունք չունենք թույլ տալու, որ Ադրբեջանը գրավի այն, քանի որ բարձունքի գրավումն իր հետեւից բերելու է շատ ծանր վիճակի։ Քարագլուխը ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տղաներն արյան գնով պահել են այն»,– ասաց Ալյոշա Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, Պաշտպանության բանակի եւ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը եւ նրանց վերադարձնել ելման դիրքեր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք եւ երեխաները, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:

Իր հերթին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ և առաջ շարժվելու մեծ սպառնալիք կա։ Ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է»։

Ասկերանի վարչակազմի նախկին ղեկավար Ալյոշա Գաբրիելյանի խոսքով՝ ադրբեջանցիներն օգտվում են Ուկրաինայում պատերազմից և սրում են իրավիճակը։ «Իմ ցանկությունն է, որ համաժողովրդական պայքարի շարժում սկսվի, ժողովուրդը հասկանա, որ մեր երկրի տերը մենք ենք, մեր ուժերին պետք է վստահենք, թուրքերն օգտվում են ռուս–ուկրաինական պատերազմից եւ փորձում են իրենց սեւ գործն անել։ Ռուսներն ի վիճակի են լինելո՞ւ խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծել, կասկածում եմ»,– ասաց Ալյոշա Գաբրիելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ