01 02 2023

Ինչո՞ւ է վիրավորվել Լոռու մարզի նախկին դատախազը․ 168.am

Ինչո՞ւ է վիրավորվել Լոռու մարզի նախկին դատախազը․ 168.am

168.am-ը գրում է․ Հունվարի 30-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվեց ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

Ուղիղ մեկ օր անց՝ հունվարի 31-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից:

168.am-ի տեղեկություններով՝ Կարեն Գաբրիելյանին ոչ թե ազատել են, այլ վերջինս ինքն է ազատման դիմում գրել՝ ըստ էության վիրավորված նախկին հրամանից:

Բանն այն է, որ Լոռու մարզի նախկին դատախազին, ով համարվում է նախկին դատախազ Արթուր Դավթյանի կադրը և նրա հետ մտերիմ ու ըստ որոշ խոսակցությունների՝ նաև քավոր-սանիկական հարաբերություններ ունի, փոխադրելով դատախազության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ պաշտոնի իջեցում են կատարել:

Եվ հենց սա է դարձել պատճառը, որ մեկ օր անց Կարեն Գաբրիելյանն աշխատանքից ազատվելու դիմում գրի, հատկապես որ, փաստաբան դառնալու մտադրություն ունի և ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ներկայումս ակտիվորեն պատրաստվում է ընդունվել Փաստաբանական դպրոց:

Մեր տեղեկություններով՝ անգործ չի մնա նաև Շիրակի մարզի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Վերջինս պատրաստվում է դառնալ Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննիչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ