18 04 2024

Նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ

Նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցումներին՝ ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին:

Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր են տարածվում ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ, վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են թուղթ, որն իբրև ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Ի՞նչ կասեք սրա մասին:

Պատասխան. Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել:

Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել:

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե իբր Բրյուսելում ապրիլի 5-ի Փաշինյան-Բլինքեն-Ֆոնդերլայեն հանդիպմանը Հայաստանին ռազմազկան զգալի աջակցության մասին պայմանագիր է ստորագրվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ