13 02 2024

«Կարճ ասած»․ Նոր փոսեր՝ Եռաբլուրում․ ո՞վ է մեղավոր սահմանին սադրանքի համար



 

Հիշում եք երևի, որ Ազգային ժողով-կառավարություն վերջին հարցուպատասխաններից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բողոքում էր Եռաբլուրում հողատարածքի սակավությունից, ասում էր՝ կրճատել են, մեջ-մեջ են արել, ու այդ ժամանակ արդեն հարց էինք տալիս, յանի էդ ի՞նչ ես անելու, էդ ի՞նչ պլաններ ունես Եռաբլուրի մասով, էլի՞ ես ուզում ընդլայնել քո պատճառով արդեն իսկ եռապատկված Եռաբլուրը։ Այսօր ունենք ևս 4 զոհ։ Սա հրադադարի հերթական խախտումը չէր։ Սա հանցագործություն էր ու ոչ միայն Ադրբեջանի, այլև, իմ գնահատմամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից, առաջինի դեպքում գործողություններով, երկրորդի դեպքում՝ գրավոր տեքստի։

Երեկ Ադրբեջանը հայտնեց, թե հրադադարի խախտում է տեղի ունեցել Սյունիքի մարզից, որի արդյունքում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել։ Սովորաբար երբ Ադրբեջանը նման հաղորդագրություներ է տարածում, մեր ՊՆ-ն անմիջապես արձագանքում է։ Այս անգամ մի քնաի ժամ ձայն չհանեցին ու հետո մի խայտառակ տեքստ հրապարակեցին, որն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի հակամարտող զինված ուժերի պատմության մեջ։ Հայկական կողմը ներողություն էր խնդրում, ասում էր՝ եթե պարզվի, որ իրոք կրակել ենք, կգտնենք այդ զինվորին և կպատժենք։ Մի քանի ժամ երևի քննարկում էին, թե ոնց գրեն էդ նվաստացուցիչ տողերը, որ թշնամու համար համոզիչ լինի։ Չգիտեմ ով է հեղինակը, բայց ՊՆ-ում ամեն ինչի համար կա պատասխանատու, անուն-ազգանուն․ նրանք վաղ թե ուշ կանգնելու են պատասխանատվության առաջ։

ՊՆ հաղորդագրությունը հնազանդվելու, մեղքը ընդունելու մասին էր ու արդեն հասկանալի էր՝ ինչեր են տեղի ունենալու։ Առավոտյան ՔՊ-ի՝ ցավակցությունների նախարարություն դարձրած ՊՆ-ն ողբերգական լուրը հրապարակեց․ Սյունիքի մարզում Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Բանակը երկրի անվտանգութունն ապահովելու համար է, այդ թվում՝ ու անհրաժեշտության դեպքում հատկապպես՝ թշնամուն ոչնչացնելու ճանապարհով։ Երբ դու քո զինվորին ասում ես՝ ես քեզ կպատժեմ թշնամուն ոչնչացնելու համար, էլ ինչի՞ համար ես բանակ պահում։ Մեր զինվորները կոչումներ, մեդալներ, շնորհակալագրեր պիտի ստանան հենց սահմանին արիության համար, ոչ թե չկրակելու կամ չպատասխանելու համար։ Ժողովուրդ, ես տենց գիտեմ, հակառակի համար հո չե՞ս խրախուսելու։ Սահմանը, դիրքը, պահելու ու թշնամուն հակահարվածով սսկցնելու համար չե՞ն խրախուսվում, բա հիմա ի՞նչ, դարձավ՝ կարող են պատժվել։ Եթե դու թշնամու վրա, ինչոր բանի համար, ես չգիտեմ, կրակած զինվորին խոստանում ես պատժել, վաղը քո մյուս զինվորը հանձնվելու է կռվելու փոխարեն։ Ես, էդպես  գիտեմ, ժողովուրդ։ Էլ չեմ ասում, որ մեր ՊՆ-ն, իմ պատկերացմամբ, իր այս հաղորդագրությամբ արտոնեց, լեգիտիմացրեց Ադրբեջանի գործողությունները։ 30 տարի չեմ տեսել, որ ներողութուն խնդրեն հրադադարը խախտելու համար, տեսել եմ անհամարժեք արձահգանք ՀՀ կողմից, Ադրբեջանը կրակել է մի հատ, մենք կրակել ենք 10 անգամ ավելի, պատժել ենք։ Թշնամին, թուրքը անհամարժեք պատասխանի լեզուն է հասկանում միայն, սա էլ սենց գիտեմ։

Երեկ գիտե՞ք մեր գործընկերները ինչ զգացումներ են ունեցել ձեր հաղորդագրոթյունը կայքերում տեղադրելու ժամանակ․ աչքիս առաջ եկավ գնաց Հայաստանի արժանապատվությունը՝ դիակառքի մեջ։

Սա Հայաստանի իշխանության բացարձակ ոչ կոմպետենտության հերթական ապացույցն է։ Երեկ բոլորին հասկանալի էր, որ տեղի են ունենալու հրադադարի խախտումներ, հարձակումներ, դա էին վկայում Ադրբեջանի հաղորդագրությունն ու Հայաստանի ներողությունը․ էդ վիճակին Նիկոլ Փաշինյանը սաղ գործերը թողնում է մի կողմ ու գնում է գիտե՞ք ուր․․․ սիմֆոնիկ համերգի, ԱԺ նախագահը գնում է կոռուպցիայի գործով ազատ արձակված տան անդամի առիթով տոնակատարությանը, ԱԳ նախարարը Բրյուսելներից տուն չի գալիս, ծնունդով ղարաբաղցի գենշտաբի պետի ու պաշտպանության նախարարի գտնվելու վայրն անհայտ է, ՔՊ-ական պատգամավորն էլ վազում է Հ1-ի տաղավար, որ ասի՝ փոխենք դրոշը, գերբը, հիմնը, սահմանադրությունը, որ պատերազմ չլինի։ Այդ ամենից հետո Եռաբլուրում պատրաստի պահված ևս 4 գերեզմանափոս գտավ իր հերոսին․ ո՞վ է մեղավոր։ 3 տարի առաջ խաղաղության դարաշրջան ես խոստացել, դեռ քա՞նի հոգի պետք է զոհվի։  

Ես սպասում եմ, որ հեսա ՔՊ-ականները, իրենց քաղաքականությանը համապատասխան, կհայտարարեն, որ պատճատն այն է, որ սահմանին ունենք զինվոր։ Քանի մենք սահմանին ունենք զինվոր, այն էլ հայերեն խոսացող, լինելու են զոհեր։ Ասելու են, չկասկածեք։ «Չկա զինվոր՝ չկա զոհ» էլ կասեն։ Հերթական անբարոյականը կհայտնվի, որ կասի՝ տղա մի ունեցեք, որ չզոհվեն, ու որ ցավալին է, էլի կգտնվեն մարդիկ, որ կասեն՝ այո, որպեսզի զինվոր չզոհվի, պետք է չունենալ զինվոր։

Մի ասեք, չէ՛, սա գժանոց չի, սա մեր երկիրն ա՝ վերջի 6 տարվա։

Կրկնում եմ՝ նախկինում կրակում էին մեկ անգամ, ստանում էին տասնապատիկ պատասխան, իսկ հիմա ներողություն են խնդրում հրադադարի խախտման համար ու պատրաստվում զոհերի։ Բոլորը սկսեցին գրել՝ բա բանակ էիք բարեփոխում, էս ա՞ ձեր բարեփոխումը, խոսում էիք զինվորի մարտական ոգին բարձրացնելու մասին, սենց ե՞ն բարձրացնում՝ չլնեմ չիմանամ թուրքի խփե՞ս, տե՞նց։ Դե հիմա ինձ համոզեք, որ մեր իշխանության հետ ամեն բան նորմալ է։

ՔՊ-ական պատգամավորն ասում է՝  Հայաստանում արտադրվում են 4-րդ, 5-րդ սերնդի զինատեսակներ։ Լո՞ւրջ, ԱԿ-ով կրակողին պատժում եք, 5-րդ սերնդի զենքն ի՞նչ ենք անելու, բա էդ 5-րդ սերնդի զենքով կրակողի՞ն ինչ կանեք։ Երևի կհանձնեք Ալիևին, թող ինքն էլ պատժի։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը 150 քառակուսի կիլոմետր առաջ եկավ, 225 զոհ ունեցանք․ ներողություն խնդրել է՞, ափսոսանք հայտնե՞լ է, ի՞նչ է, էդպես էլ պիտի լինե՞ր։ Բա դուք խի՞ եք մի վիրավորած ադրբեջանցու համար, էդպես․․․ ի՞նչ ասեմ, որ ավել նվաստացած չզգամ ինձ։

Գիտե՞ք աբսուրդը որն է․ Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հենց այն դիրքերից, որը 2021-22-ին գրավել էր։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեջ եկել են, դիրք են դրել, ամրացրել են ու էնտեղից կրակել-սպանել են մեր զինվորներին։ 2021 թվականի մայիսից մեր երկրի տարածքում են թշնամու զինվորները, 2022 թվականի սեպտեմբերին էլ ավելի խորացան՝ ընդհանուր 200 քառակուսի կիլոմետր գրավելով։ Հայաստանի իշխանությունը, ՊՆ-ն, արտգործնախարարությունը ոչ մի քայլ չեն կատարում նրանց հանելու համար․ ու մեր հողի մեջից մեր թշնամին կրակում-սպանում է մեր տղերքին։ Իսկ մեր ՔՊ-ան սպարապետներին, էն որ սաղ օրը իրենց ճղում են, ինքնիշխանություն, պետություն ենք կառուցում, այ ընկերներ, էս թշնամին որ 21-22-ին եկել մտել է մեր տարածք, ձեզ թվում էր ծաղիկ ցանելու համա՞ր է մտել-դիրքավորվել։ Մի անգամ էլ հիշեցնեմ ձեզ, ՀՀ իշխանությունը Հայաստանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու թիվ 1 պարտավորությունը ունի։ Ո՞ւր է։

Այդ իշխանությունը Հայաստանով մեկ ման է եկել, գյուղ առ գյուղ, չի եղել գյուղ, որ մտած չլինի, ամեն գյուղի մեջտեղում կանգնել ու ասել է՝ ժողովուրդ, սա մեր ծրագիրն է, դրանով խաղաղություն ենք բերում, ո՞ւր ա, հարցնում եմ ես, հարցնում են բո-լո-րը։

Ասել եք՝ մենակ ես եմ, որի դեպքում խաղաղութուն կլինի․ բա էս խաղաղություն ա՞։ Քննադատում էինք Արցախը մենակ թողնելը ու դատարկելը, բայց արդեն ակտիվ խոսում են Հայաստանի սահմանամերձ շրջանները դատարկելու մասին․ սա ո՞ր տրամաբանությամբ է կոչվում խաղաղություն։ Չէ՞ք ջոկել, որ ձեր խաղաղությունից մինչև կոկորդներս կուշտ ենք․ դա ուրիշ բան է, դրա անունը չի կարող լինել խաղաղություն։

Հա, մի բան էլ, ասում էիք եվրադիտորդների շնորհիվ սահմանը հանգիստ է։ Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասում էր՝ Հայաստանի համար հատկապես անվտանգության հարթությունում կենսական, չափափազանց կարևոր նշանակություն ունի ԵՄ դիտորդական առաքելությունը։ Բա ի՞նչ եղավ էդ դիտորդների բերած ու պահած խաղաղությունը։

Կարճ ասած՝ սա էս իշխանության դեմքն է։ Մի քանի օր առաջ խոսում էր ականապատ դաշտերից կորուստներով դուրս գալու մասին, բայց էդ դաշտերն անընդհատ ականապատում են, այդ թվում՝ հենց ներսից։ Ժողովուրդ, չի լինելու խաղաղություն, չի լինելու հանգստություն, քանի այս իշխանությունն է։ Դրանում համոզվել է նաև ՔՊ-ական այս խմբակը։ Քանի ձեզ չեն փոխել, ինչ էլ փոխեն՝ գերբ, դրոշ, սահմանադրություն, անուն ու ազգանուն, չի օգնի։ Իրական խաղաղությունը լինելու է միայն Նիկոլից հետո։  Հակառակ դեպքում Եռաբլուրում շարունակելու են փոսեր փորել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ