18 12 2023

ՏԵՂԵԿԱՆՔ № 6՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 6՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

 

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 

Խոստում - 18.մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները.

  • Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։
  • Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերացնել աղքատությունը։
  • Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։
  • Ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10000 աշխատող ստարտափ։
  • 7-ապատկել միջին աշխատավարձը։
  • Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։
  • Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:
  • Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել։
  • Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել։
  • Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի։
  • Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։

Իրական պատկեր

Հայաստանի բնակչությունը 5 մլն դարձնելու խոստումն այս պահին իսկ կարելի է համարել անիրականանալի։ Հայաստանում 2022 թվականին անցկացված մարդահամարի համաձայն՝ մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ: Ի համեմատ նախորդ մարդահամարի արդյունքների, որն իրականացվել է 2011թ․, ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 86 հազար 123-ով։ Համաձայն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի վերլուծության, 2050թ․ Հայաստանի մշտական բնակչությունը կնվազի՝ կազմելով 2,6 մլն մարդ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի խոստացածի կեսը։

2․5 մլն մարդու զբաղվածության հարց լուծելը ևս անիրականանալի է, զուտ այն պատճառով, որ այդ թվականին, համաձայն վերլուծության, այդքան չափահաս աշխատունակ բնակչություն Հայաստանում չի լինելու։ Եթե, իհարկե, դրսից չի բերվելու աշխատուժ, ինչպես այսօր է։

Բանակի մարտունակության ցուցանիշը․ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով խոստովանում էր, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է։ Վերջին շրջանում, սակայն, նա քանիցս նշել է, որ ՀՀ բանակը չի կարող պաշտպանել Հայաստանի անվտանգությունը։ Կարելի է անվտանգային պատկերը ընկալել թերևս մեկ օրինակով․ 2021թ․ մայիսի 12-ին, առանց կրակոցի թշնամին մտավ Հայաստան Սյունիքի մարզից և օկուպացրեց ավելի քան 40 քառակուսի կիլոմետր՝ հասնելով մինչև Սև լճի կեսը։ Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չի մղելու։ Ոչինչ չձեռնարկվեց թշնամուն հետ մղելու համար։ Կարելի է ցավով արձանագրել, որ Հայկական բանակը նահանջ է կատարել «տարածաշրջանի ամենամարտունակից», դառնալով ամենաոչմարտունակը։

Աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը ունենալը ևս կասկածելի է, մանավանդ որ ի սկզբանե այն դրված է սխալ հենքի վրա։ Օրինակ՝ նորաստեղծ արտաքին հետախուզական ծառայությունը ղեկավարում է Քրիստինե Գրիգորյանը, որը ուղիղ մեկ տարի՝ 2022թ․ հունվարից մինչև 2023թ․ հունվարն աշխատեց որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, և Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից համարվող օմբուդսմենի հեղինակությունը սկսեց անկում ապրել։ Քրիստինե Գրիգորյանի աչքի առաջ կարմիր բերետավորները Եռաբլուրից բռնություն կիրառելով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների հարազատներին, իսկ նա պատշաճ գնահատական անգամ չտվեց։

Մյուս խոստումներին կարելի է չանդրադառնալ՝ դատելով նրանից, որ այս խոստումից անցել է 4 տարի, իսկ պատկերը, առնվազն մտահոգիչ և սենց շարունակվելոու դեպքում 2050 թվականին վստահ կարելի է արձանագրել, այս խոստումների լիակատար ձախողումը։

 

23.09.19թ․, Ելույթ ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Գրանդ Փարքում կայացած հանրահավաքի ժամանակ 

Խոստում - Յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում և ՀՀ քաղաքացիություն

Իրական պատկեր – Վերջին շրջանում, բազմաթիվ են դեպքերը երբ Սփյուռքի հայերի մուտքը ՀՀ արգելվում է՝ առանց նախապես զգուշացման և պատշաճ պատճառաբանման։ Այս երևույթը նախկին ժամանակների համեմատ աննախադեպ է։ Կարելի է կռահել՝ պատճառը սփյուռքահայերի վերաբերմունքն է հայրենիքում տիրող մթնոլորտի մասով և դժվար թե այն այս իշխանության օրոք բերի Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ցանկության, անգամ եթե ունի քաղաքացիություն։

Բացի այդ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, Արցախի Հանրապետությունից հազարավոր ընտանիքներ բռնագաղթեցին Հայաստան։ 2023թ․ սեպտեմբերի 19-ից սկսած հայաթափման արդյունքում Հայաստանում հաստատվեց 100 հազարից ավելի արցախցի։ Նրանց ճնշող մեծամասնությունն ապրում է  վարձով, մեծ մասը՝ ապրելու համար հակացուցված պայմաններում։ Պետությունը դեռ հստակ չի ներկայացրել, թե ինչպես է լուծվելու արցախահայերի բնակարաններով ապահովելու հարցը, հաշվի առնելով, որ այդ հարցը առաջացել է առնվազն օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում։

Հատկանշական է, որ, ի հակառակ այդ ամենի, համաձայն ՔՊ-ական պատգամավորների հայտարարագրերի, մի քանիսը, օրինակ՝ Տրդատ Սարգսյանը, մեկ օրում գնել է երկու բնակարան։

 

12․10․2019թ․, Ելույթ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին  

Խոստում - Գյուղերը պետք է ունենան կոյուղի, գյուղական տներում պետք է լինի բաղնիք, ցնցուղ, տաք ջուր և գյուղի տների դրսի զուգարանի կուլտուրան պետք է դուրս գա:

Իրական պատկեր – Գյուղական տներում նույն վիճակն է, ինչը կար այս խոստումից առաջ։ Կենցաղային կյանքի բարելավման մասով, պետությունը բացարձակ ոչինչ չի արել, հետևաբար փոփոխություն տեղի չի ունեցել։ Ավելին, գյուղատնտեսության ոլորտում միայն անկումներ են։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ քանի գյուղացիները մտածողությունը չեն փոխել, չեն զարգանա։ 

 

31.10.2019թ․, Կառավարության նիստ

Խոստում - ՀՀ-ում գիշերօթիկի սան, մանկատան սան ասել, նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ. սա փոխելու ենք։

Իրական պատկեր – Այս հարցը Փաշինյանի կառավարությունը լուծեց հետևյալ կերպ․ Հայաստանում լուծարվեցին գիշերօթիկներ և մանկատներ՝ որպես այլընտրանք առաջարկելով տներում ապրել։ Չկա գիշերօթիկ, հետևաբար չկա գիշերօթիկի սան, որ մի հատ էլ վատ վերաբերմունք լինի։

 

30.11.2018 նոյեմբերի 30-ին, Հրազդան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ 

Ելույթ - Ոստիկանության զորքերը ոչ թե քաղաքացիներին են ջարդուփշուր անում, այլ մասնակցում են սահմանների պաշտպանությանը։

Իրական պատկերը - Այս խոստումը ոստիկաններն այնքան լուրջ էին ընդունել, որ սկզբում անգամ իրենք էին ծեծվում: 2018 թականի օգոստոսի 14-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմաց և այնուհետև նաև բաժնում բերման ենթարկված, նաև դրսից եկած նույնասեռականները ծեծի էին ենթարկել ոստիկանների:

Սկզբնական փուլում իրոք ոստիկանները 15-օրյա հերթափոխով մեկնում էին սահմանային դիրքեր։ Սակայն դա տևեց ընդամենը մի քանի ամիս։ Երբ Նիկոլ Փաշինյանի կառավարումից դժգոհությունները մեծանացան, ոստիկանների ուժը արդեն սկսեցին օգտագործել երկրի ներսում՝ քաղաքացիներին բառի բուն իմաստով «ջարդուփշուր» անելու համար։

Խոստման կեղծ լինելու առաջին աղմկոտ դեպքը գրանցվեց 2019-ին, Իջևանում, երբ Փաշինյանի մի խումբ համագյուղացիներ որոշել էին ծառահատում անել: Արդյունքում բախումներ և ծեծկռտուք էր սկսվել ոստիկանների և քաղաքացիերի հետ: Հոսպիտալացվել էին տուժած քաղաքացիներ:

Հետագայում, տարբեր բողոքի ակցիաների և հանրահավաքների ժամանակ, հանրությունը, ականատես եղավ ոստիկանների, տարատեսակ սև և կարմիր բերետավորների կողմից բռնության աննախադեպ դեպքերի: Ուղեղի ցնցում, մարմնական վնասվածքներ, տարբեր մարմնամասերի կոտրվածք, անգամ պատգամավորի քթի կոտրվածք, բերետավորները վայրի կերպով ծեծում են խմբակային՝ ավտոմեքենայի մեջ: Շարքը կարելի է շարունակել, թե ինչ վնասվածքներ են հասցրել ոստիկանները իրենց «օրինաչափ» գործողություններով:

Այս ընթացքում, սակայն, ոստիկանները հասցրել էին այլ աննախադեպ բան էլ անել՝ ծեծել փաստաբանների: Այս տարվա սկզբին ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին: 

 

Շարունակելի

 

Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 4 –ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 5 –ը

 

Անցնել ամբողջ շարքին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ