03 02 2024

ՏԵՂԵԿԱՆՔ № 29՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 29՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

 

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

13042018թ ելույթ՝  Ազատության հրապարակում

Ելույթ - թոշակները և աշխատավարձերը չեն բարձրացել, որովհետև դա իշխանության քաղաքականությունն է՝ մարդկանց մատնել թշվառության:

Իրական պատկեր – 10012024թ, մամուլի ասուլիսում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2024 թվականին կենսաթոշակները չեն բարձրանա։

31012024թ մամուլի ասուլիսում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց․ «Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով»։

Ասաց, որ դեռ 2022 թվականին է որոշվել, որ թոշակները 2024-ին չեն բարձրանալու, քանի որ, ըստ նրա, կառավարությունը կարծում է, որ պետք է պատասխանատու քաղաքականություն վարի և չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար:

Կառավարության՝ 10022022թ նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու թոշակները բարձրացնելու հարցում կառավարությունը այդքան ակտիվ չէ, որքան դատավորների, դատախազների, քննիչների հարցում։ Նա ասաց. «Մի բան է շահառուների 2 հազարանոց խմբի թոշակ բարձրացնելը, և այլ բան է շահառուների 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը: Այս դեպքում պետք է նաեւ հասկանանք ծախսերն անհամեմատելի են: Այնտեղ 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ու ամեն տարի: Դա, իհարկե, մեր պարտավորությունն է, և մենք պետք է անենք: Բայց հընթացս շահառուների ավելի փոքր խմբերի սոցիալական խնդիրները լուծելով մենք նաև քայլ-քայլ, փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում»:

 

01052018թ, ելույթ Հանրապետության հրապարակում

Խոստում - Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն և իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որևէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը:

12052018թ, ելույթ պաշտպանության նախարարությունում 

Խոստում - Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ԶՈՒ-երի ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն և ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով և այլն: Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք ԶՈՒ-երի գլխավոր շտաբի հետ և դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված: Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին և վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈՒ-երի ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է:

Իրական պատկեր – Այս թեմային Նիկոլ Փաշինյանը շատ է անդրադարձել, մամուլը ևս։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, 2018 թվականից հետո դադարեց բանակին ծնողների «մատակարարումներից» խոսելը, իսկ մամուլը պարբերաբար հրապարակում էր փաստեր, որ զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել։

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո այդ խնդիրն ավելի սուր է բարձրացված, քան նախկինում էր։ Ծնողները մշտապես ահազանգում են, որ ստիպված են ամեն ինչ ուղարկել երեխաներին՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, կանխիկ գումար և այլն։

20122023թ Նորատուս համայնքում բողոքի ակցիայի մասնակից ձկնորսները պնդում էին, որ ստիպված են զինվոր որդիներին ամեն ամիս գումար և պարագաներ ուղարկել, քանի որ, ըստ իրենց, «պետությունը ոչինչ չի տալիս»։

 

07062018թ, Ելույթ Ազգային ժողովում 

Խոստում - Որպես ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում, ժողովրդական հեղափոխության արդյունքում երկրի ղեկը ստանձնած կառավարության ներկայացուցիչ, համոզված ասում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի մեր զինված ուժերի և ողջ հայ ժողովրդի ջախջախիչ հակահարվածին:

Իրական պտկեր – Նիկոլ Փաշինյանի՝ այս հայտարարությանը հաջորդած վարչապետության 5,5 տարիների տարիներին հակամարտությունը և՛ ռազմական ճանապարհով, և՛ բանակցային ճանապարհով լուծման քայլեր արվեցին, որոնք ունեցան Արցախի Հանրապետության համար կործանարար դերակատարություն։ Մասնավորապես, 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական ճանապարհով, ինչպես նաև պատերազմի ավարտի մասին փաստաթղթով  Ադրբեջանին զիջվեց Արցախի Հանրապետության գերակշիռ մասը։ Մյուս մասը զիջվեց բանակցություններով՝ 2022թ․ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, 2023թ․ հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում։ Արցախը հայաթափվեց 2023թ․ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հարձակման արդյունքում։ Հայաստանի իշխանությունը, որ հայտարարում էր ռազմական ճանապարհի բացառման մասին, հայտրարեց, թե չի օգնի Արցախին ռազմական գործողություններում, այլև կհետևի իրադարձություններին։

«Հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի մեր զինված ուժերի և ողջ հայ ժողովրդի ջախջախիչ հակահարվածին» խոստումը ևս չիրականացվեց․ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանն օկուպացրել է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ-ից, որի մի մասը՝ առանց կրակոցի։

Առաց կրակոցի վերջին առաջխաղացումը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 30-ին, Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր հատվածում։ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, թե նշված հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Սակայն գյուղացնիները պնդեցին, որ իրավիճակը չի բարելավվել, ադրբեջանական զորքը նույն տեղում է, իսկ պոստերից մեկը տեղադրված է հենց ավագանու անդամի դաշտում։ 

Կառավաության՝ 06042023թ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որոշ տեղերում ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Եվ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Մասնավորապես 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։

 

17052018թ., Կառավարության նիստ

Խոստում - Մենք պետք է լրջորեն աշխատենք՝  վիճակագրական կոմիտեի և ընդհանրապես Հայաստանում պաշտոնական վիճակագրության վստահելիության մակարդակը հանրության շրջանում ավելացնելու համար, որովհետև սա չափազանց կարևոր հարց է: Ե՛վ գործող օրենսդրությունը, և՛ տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրության ոլորտը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից և մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել։

Իրական պատկեր – Պաշտոնական վիճակագրության հրապարակումները, հատկապես՝ տնտեսական ցուցանիշների մասով, քաղաքացիները շարունակում են համարել իրական կյանքից կտրված։ Yerevan.Today-ը հաճախ է հարցումներ իրականացնում քաղաքացիների շրջանում, մի շարք լրատվամիջոցներ մշտապես հրապարակում են հարցումներ, և դրանցում երևում է, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը չի վստահում հրապարակվող թվերին։ Մասնավորապես, նրանք նշում են, որ կառավարության ներկայացրած 7,5 կամ 9,5 տոկոս աճը բոլորովին չեն զգում իրենց մաշկի վրա, և ուրեմն վիճակագրությամբ պարզապես թիվ են ցուցադրում։

 

16092019թ, մամուլի ասուլիս 

Խոստում - Երևանում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը. սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան: Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որն ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով:

Իրական պատկերԵրևանում և ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում թափառող կենդանիների խնդիրն այժմ շատ ավելի սրված է, թան նախկինում։ 26012024թ խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը կազմակերպել էր քննարկում՝ պաշտոնյաների, ոլորտի մասնագետների, կենդանասերների մասնակցությամբ, որի թեման թափառող շների խնդիրն էր։

Պարբերաբար հրապարակվում են թափառող շների սպանդի ահազանգեր։ Ինչպես նաև բազմաթիվ են ահազանգերը քաղաքացիների վրա թափառող շների հարձակման։

Դեպքերի քանակական պատկերը հետևյալն է՝ 

  • 2022թ․ - 133 դեպք
  • 2023թ․- 134 դեպք
  • 2024թ․ հունվարին՝ 5 դեպք։

Խոսքը ոստիկանություն ահազանգերի մասին է։ Իսկ գերակշիռ դեպքում քաղաքացիները չեն դիմում ոստիկանություն կամ հիվանդանոցներ, այլ տնային պայմաններում են կազմակերպում բուժումը։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անգամ կրկնակի կծելու դեպքերի մասին էր ահազանգել։ 

Մարզերում չկան կենդանիների վերահսկման և վնասազերծման մասնագիտացված կենտրոններ, անգամ բյուջեում գումար չի առանձնացվում։
 

Շարունակելի

 

Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 27–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 28–ը

 

Անցնել ամբողջ շարքին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ