14 09 2023

Ո՞վ է տարածաշրջանում պայմաններ թելադրողը. «Փաստ»

Ո՞վ է տարածաշրջանում պայմաններ թելադրողը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բլոկադայի միջոցով Ադրբեջանը ճանապարհ է հարթում Արցախում էթնիկ զտումների իրականացման համար։ Եվ Արցախը վերջնականապես հայաթափելու ճանապարհին Բաքուն խնդիր է դրել իր առաջ նախ մուտք գործել հայերով բնակեցված տարածքներ, ապա իր պայմանները թելադրել։ Դրան հասնելու համար պետք է, որ Արցախի բնակչությունը կախվածության մեջ հայտնվի Բաքվից։ Այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը առաջին հերթին կազմակերպեց Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումն այնպիսի պատճառաբանությամբ, թե իբր Կարմիր խաչի միջոցով մաքսանենգ ապրանքներ են տարվում Արցախ։

Դրանից անմիջապես հետո երևան եկավ նոր օրակարգ, որն արդեն վերաբերում էր Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը։ Ըստ ադրբեջանական կողմի, որպեսզի բացվի Լաչինի միջանցքը, պետք է բացվի նաև Ակնայով անցնող ճանապարհը։ Բաքվի տրամաբանությամբ, հենց Ակնայի ճանապարհի միջոցով էլ տեղի է ունենալու Արցախի, այսպես կոչված, «վերաինտեգրացիան» դեպի Ադրբեջանի կազմ։ Ուստի ադրբեջանական կողմը Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը դիտավորյալ խորացնելու հետ մեկտեղ փորձ արեց «մարդասիրական քայլ» կատարել։ Եվ հումանիտար օգնություն տրամադրելու անվան տակ ադրբեջանական Կարմիր մահիկի՝ 40 տոննա ալյուրով երկու մեքենա ուղարկվեց Ակնայի ճանապարհով, բայց արցախյան կողմը համաձայնություն չտվեց այդ բեռնատարների մուտքի համար, քանի որ դրանով նախադեպ էր ստեղծվում, որպեսզի ադրբեջանցիները մուտք ունենան դեպի Արցախ։

Դրանից հետո Արցախի հետ կապված նոր իրադարձություններ տեղի ունեցան։ Նախ՝ կայացան Արցախի նոր նախագահի ընտրությունները, ապա ներկայացվեց Ակնայի ճանապարհով ռուսական Կարմիր խաչի միջոցով հումանիտար օգնության տրամադրման տարբերակը։ Մի քանի օր մարդասիրական բեռով այդ բեռնատարը սպասեց, սակայն դրանից հետո թույլ տրվեց մուտք գործել Արցախ։ Ու այս իրադարձությունը հայկական մեդիա և սոցցանցային տիրույթում բազմաբնույթ ու բուռն քննարկումների տեղիք տվեց։ Ինչպես ասվում է, ով չալարեց, շատ արագ եզրահանգումներ անելով՝ սկսեց տարբեր տեսություններ առաջ քաշել, նույնիսկ ինչ-որ դավադրապաշտական տեսությունների գիրկն ընկնել՝ նշելով, որ եթե հնարավոր էր ռուսական բեռնատարի մուտքն Արցախ, ապա ինչու այն ավելի շուտ չկազմակերպվեց, կամ իբր դրանով Արցախի ադրբեջանականացման վերջնական հանգրվանին ենք հասնում և այլն։ Մյուս կողմից էլ՝ ռուսական բեռնատարի մուտքը շատ հեռուն գնացող վերլուծությունների ու կանխատեսումների պատճառ դարձավ։ Կային նաև չափազանցության հասնող տեսակետներ, այդ թվում՝ թե դրանով նախադեպ ստեղծվեց, որ որոշ ժամանակ անց ադրբեջանցիները ևս Ակնայի ճանապարհով մուտք ունենան Արցախ, կամ՝ թե ռուսական բեռնատարի ժամանումով արցախցիները փրկվեցին...

Իրականում այստեղ պետք է հաշվի առնել մի քանի գործոն: Նախ՝ մարդասիրական բեռը ռուսական ծագում ունի ու որևէ ձևով կպված չէ Ադրբեջանի հետ։ Այսինքն, դրանով Ադրբեջանը մուտքի հնարավորություն չի ստանում։ Մեկ այլ կարևոր հարց է այն, որ ռուսական բեռնատարի մուտքով ադրբեջանական կողմը համաձայնել է բացել նաև Լաչինի միջանցքը։ Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ է, որ մեկ բեռնատարով հնարավոր չէ լուծել Արցախում ամիսներ շարունակ ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այդ բեռը կարող է ապահովել արցախցիների մի փոքր քանակի կարիքների ընդամենը չնչին մասը։ Իսկ Արցախի բնակչության պահանջների բավարարման համար անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքն անխափան գործի ու պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնված մեքենաները ազատ ելք ու մուտք ունենան դեպի Արցախ։ Այս բեռնատարի մուտքն ինքնին քաղաքական է:

Ըստ այդմ, հազիվ թե կարիք կա հապճեպ ու արագ եզրահանգումներ: Մյուս կողմից էլ՝ տվյալ իրավիճակում երկարաժամկետ կանխատեսումներ կատարելն անշնորհակալ գործ է, քանի որ իրադարձությունները կտրուկ փոփոխվում են։ Առավել ևս հիմա, երբ աշխարհը և, բնականաբար, նաև մեր տարածաշրջանը առաջ է շարժվում, այսպես ասած, «քայլ առ քայլ» տարբերակով։ Դերակատարներից յուրաքանչյուրը պահի թելադրանքից բխող իր շահերով որոշակի քայլ է կատարում։ Իսկ մյուս դերակատարներն իրենց շահերից ելնելով այդ քայլին համարժեք արձագանքում են։ Այսինքն՝ աշխարհաքաղաքական փոփոխություններն ու իրադարձությունները նմանվում են ոչ թե ցատկավազքի, այլ շախմատի, այն էլ՝ այն տարբերությամբ, որ եթե շախմատում միայն երկու խաղացող են, ապա տարածաշրջանային ու միջազգային դերակատարները բազմաթիվ են։

Եթե այս տարամաբանությունից ենք դիտարկում իրադրությունն, ապա ստացվում է, որ Ակնայի ճանապարհով ռուսական բեռնատարի անցումը դեպի Արցախ ավելի շատ աշխարհաքաղաքական խնդիր է լուծում։ Ակնայի ճանապարհը բացվել է, սակայն չի կարելի ասել, թե Ադրբեջանը շահեկան վիճակում է, որովհետև այդ քայլով Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն է շարունակում մնալ տարածաշրջանում պայմաններ թելադրողը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ