16 04 2024

Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»

Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցությունների վերաբերյալ:

Ըստ բրիտանական պարբերականի հրապարակման, Մեծ Բրիտանիան արդեն 18 ամիս փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել ապօրինի ներգաղթյալներին: Խոսքն այն մասին է, որ ապօրինի ներգաղթյալները պետք է այդ երկրներում տեղակայվեն, քանի դեռ բրիտանական իշխանությունները կքննարկեն ապաստանի տրամադրման վերաբերյալ նրանց հայցերը: Լոնդոնն ակնկալում է այս չորս երկրի հետ կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի համարժեքը: Նշվում է նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ: 

Այսինքն, եթե Փաշինյանի կառավարությունը նման համաձայնագիր կնքի Մեծ Բրիտանիայի հետ, ապա Հայաստանն արագորեն կվերածվի «ապօրինի ներգաղթյալների» բրիտանական գաղութի: Հնարավոր է՝ Փաշինյանն այդպես ցանկանում է գերակատարել իր ֆանտաստիկ հայտարարություններից մեկը, այն է՝ մինչև 2030 թվականը Հայաստանում 5 միլիոն բնակչություն ապահովելը: Հատկանշական է, որ նույն հրապարակման համաձայն, Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան նշել են, որ քիչ են հետաքրքրված նման ծրագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան ակնհայտորեն հրաժարվել են անգամ քննարկել այդ հարցը: Դե, իսկ Հայաստանը... Ի դեպ, երեկ ՀՀ ԱԳՆ-ն հերքումանման մի բան տարածեց: Մասնավորապես, ԱԳՆ խոսնակը ՌԻԱ-Նովոստի ռուսական գործակալությանն ասել է. «Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի վերաբերյալ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»:

Հիմա սա հերքո՞ւմ էր, թե՞ հաստատում: Ի՞նչ է նշանակում «լայն օրակարգ կա», բայց այդ հարցով բանակցություններ չեն եղել: Եթե իսկապես ոչ մի նման բան չի եղել, ապա ինչո՞ւ եք այդքան ոլոր-մոլոր հերքում: Կարճ-կոնկրետ ասեիք՝ նման բան չկա, և վերջ: Մինչդեռ, այս տարբերակով ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին: Հետաքրքիր է համանման էլ ի՞նչ խութեր կան դեռ, որ մեր հանրությունը չգիտի... Սա մի տեսակ հիշեցնում է հայտնի սկետչի ձևակերպումը, թե՝ կարող ենք շիրմաքարին գրել՝ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», փողին մուննաթ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ