06 04 2022

Շարունակում ենք զոհեր և վիրավորներ ունենալ․ օրակարգ բերված «խաղաղության դարաշրջանի» բացումը կեղծ է․ Մետաքսե Հակոբյան



 «Աշխարհաքաղաքական այս քաոսի մեջ, որը տիրում է ողջ աշխարհում, մեր մի բուռ դարձած հայրենիքը դարձել է սակարկման առարկա»,- Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր բոլորիս մոտ նույն զգացողությունն է, որ յուրաքանչյուր անցնող օրը ծանրագույնն էր, սակայն եկող օրվա հետ նոր ցավոտ անակնկալներ ու ծանր փորձություններ են, որոնք շատ դեպքերում վիրավոր ու կեղեքված Արցախի համար անհաղթահարելի են թվում, երբեմն էլ հենց այդպիսին դառնում:

«Մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ պատերազմը չի ավարտվել։  2020 թվականի նոյեմբերի 9-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հիբրիդային պատերազմ է վարում մեր դեմ, նաև այդ ամենը հաստատում՝ հրապարակայնորեն հռչակելով և օրենքի ուժ տալով պանթուրքիստական նկրտումներին: Օրեցօր թշնամական կողմի ավելացող և անկանխատեսելի դարձած ահաբեկչական գործողությունները, ինչի արդյունքում շարունակում ենք զոհեր և վիրավորներ ունենալ, հաստատում է, որ օրակարգ բերված «խաղաղության դարաշրջանի» բացումը կեղծ է, քանզի 1915 թվականի նմանատիպ կեղծ օրակարգով ցեղասպանվեց մեկուկես միլիոն հայ, իսկ ողջերը դարձան հայրենազուրկ։

Մեր առջև արյունարբու և հայատյաց թշնամի է, որը մեկ նպատակ ունի վերացնել հային ու տիրանալ մեր պատմական ողջ հայրենիքին: Մենք պիտի միշտ զգոն, միշտ պատրաստ լինենք դիմակայել ագրեսորին, հստակ պահելով կարմիր գծերը, այն է՝ Հայաստանը և Արցախը մեր պատմական հայրենիքն են, մենք երբեք չենք կարող կեղծ խաղաղության օրակարգ որպես ողորմություն վերցնել, պիտի երբեք չմոռանալ, որ խաղաղությունը պիտի լինի վաստակած և արժանապատիվ»,- ասել է պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի համոզմամբ Արցախը երբեք չի կարող Ադրբեջանի կազմում լինել, քանզի դա նշանակում է հրաժարվել Արցախից, հանձնել այն թշնամուն, չապրել Արցախում և կորստյան մատնել Հայաստանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ