27 01 2023

«Կարճ ասած»․ Մի շեղվեք․ ո՞վ և ինչի՞ համար է պատասխանատու



 

Հայաստանի հասարակությունը խառնվել է իրար, մեկը մյուսին մեղադրում է, հիասթափվում են, ֆեյսբուքներում իրենց մտքերն են գրում-ջնջում են, հարցազրույցներ տալիս, ամեն մեկը մի բան առաջարկում է՝ սրան տարեք, նրան բերեք, ընդդիմություն փոխեք, մանդատ դրեք, առաջնայինը, երկրորդականը խառնվել են իրար։ Հարգելիներս, եկեք մի կարևոր բան չմոռանանք՝ ո՞վ ինչի համար է պատասխանատու ու ով ինչ պետք է անի։ Խոշոր հաշվով՝ ընդդիմությանն ուղղված գլխավոր մեղադրանքն այն է, որ այս իշխանությունը դեռևս գործում է․ արդարացի է։ Բայց երբ մի բան կատարվում է, միանգամից ասում ենք՝ ո՞ւր է ընդդիմությունը, ինչի՞ չի գնում, մի բան անի, գնա Վարդենիսի զորանոց, գնա Լաչին, գնա Մալաթիա․ դա նույնպես հասկանալի է։ Ընդդիմությունը պահանջում ա իշխանության հրաժարական, իսկ ընդդիմության մեկ այլ մասն ու ժողովուրդն ասում են՝ ի՞նչ ա անում ընդդիմությունը, ո՞ւր ա, կամ իշխանությանը կպնելիս պարտք են համարում մի հատ էլ ընդդիմությանը կպնեն ձեռքի հետ։ Չէ, չեմ փորձելու արդարացնել ընդդիմադիր գործիչներին, այս խնդրին այլ կողմից եմ նայում ու նկատում եմ, որ վերջերս բոլորը, բոլորից ավելի շատ են պահանջում, քան իրավիճակի մեղավորից ու պատասխանատուներից։ Մենք մեզանից, ժողովուրդը ինքն իրենից, ընդդիմադիրը՝ ընդդիմադիրից, հասարակական, քաղաքական դեմքերը՝ ժողովրդից, Նիկոլ ընտրողներից և այլ, պահանջում ենք, նեղանում ենք, հիասթափվում ենք, բայց․․․Կրկնվեմ, եկեք չմոռանանք ով ինչի համար է։ Որևէ երկրում իշխանությունն է չէ՞ պատասխանատու անվտանգության համար, ոչ թե ընդդիմությունը։ Ու կապ չունի՝ այդ իշխանավորին ընդունո՞ւմ ես, թե ոչ կամ նույնը՝ ընդդիմությանը։ Ընդունում ես թե ոչ, իշխանությունն է պատասխանատուն ու լիազորվածը, անկախ ամեն ինչից։ Որևէ ընդդիմություն չի կարող, չէ՞, ռուսի հետ բան պայանավորվել, խաղաղապահների բերել, ՀԱՊԿ բերել կամ խզել կապերը․ չի կարող, չէ՞, Իրանի հետ պայմանավորվել, Արևմուտքի հետ, անգամ Արցախի հետ չի կարող թղթեր ստորագրել կամ գնալ պահանջել բացեն միջանցքը։ Իշխանությունն է, չէ՞, դա անողը։ Նիկոլը կարող է նստել իր էն թազա բերած ամենագնացները, շարասյունը քշի Բերձոր, ՔՊ-ական պաշտոնյաներից ամեն մեկն էլ իր ավտոմեքենան վերցնի ծառայողական ու գնան, ասեն՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն ենք, հաց ենք բերել․ նրանց ո՞վ պետք է չթողնի, իրենց սիրած բառով ասեմ՝ լեգիտիմները իրենք են, իշխանությունը, լիազորվածները, հրաման տվողները իրենք են, չէ՞։ Հո լրագրողն, բժիշկն ու վերլուծաբանը չէ՝ իրենք են։ Նստել է իր ապահով կաբինետում ու շաբաթը մեկ հայտարարում է՝ Ադրբեջանն ուզում է հայաթափի Արցախը։ Է հա էդ մենք էլ գիտենք, ավելին, վերջին 35 տարի ա՝ չի էլ թաքցնում, որ ուզում ա հայաթափի Ղարաբաղը։ Մեր հարցն այն է, թե դու ինչ ես անում դրա դեմ, ի՞նչ ես անում, որ այդ ծրագիրը չիրականանա, ոչ թե՝ ինչ է ուզում անել Ադրբեջանը, էդ սաղս էլ գիտենք։ Իսկ լեգիտիմ իշխանավորս, ասեմ ինչ է անում, բացի տիեզերական ակնհայտություններ արտաբերելուց։

Հունվարի 18-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը մի խիստ վտանգավոր բան հայտարարեց, որը, սակայն, բավարար ուշադրության չարժանացավ, քանի որ հաջորդ օրը եղավ 15 զինվորի ողբերգական մահվան դեպքը։ ԱԺ-ում նա հայտարարեց՝ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Պրահայի պայմանավորվածությունները հրապարակվել են ու չեն հերքվել․ ըստ դրանց՝ Հայաստանը ճանաճում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղ էլ մեջը, ու ղարաբաղցիներն ու ադրբեջանցիները որպես մի երկրի քաղաքացի պետք է խոսեն իրար հետ, հայերը՝ որպես փոքրամասնություն, իրենց պետության մի փոքր մասնիկ, էթնիկ փոքրամասնություն։ Նիկոլ Փաշինյանն աշխարհի միակ իշխանությունն է, որ բաց ասում է՝ պատրաստ եմ զիջել։ Չի էլ փոխզիջում, միայն զիջում է, որովհետև Ադրբեջանը ոչինչ չի տալիս փոխարենը։ Ավելին, ասում է, զիջել եմ, պատրաստ եմ էլի զիջեմ, բայց դա չի նշանակում, որ խաղաղություն կլինի։ Ասում էր Արցախի անունից ոչինչ չեմ կարող ստորագրել, բանակցել, հիմա ասում է՝ գնում եմ ստորագրեմ, որ Հայաստանի համար Արցախը Ադրբեջանի կազմում է։  

Ի՞նչ եք կարծում, եթե Հայաստանում թուրքական գերիշխանություն լիներ, ինչպիսի՞ պահվածքով հանդես կգար իրենց կողմից ղեկավար նշանակվածը, հենց էսպիսին չէ՞ր լինի։ Ուզում եք ասել էսքանից հետո, թե դուք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը չեք սպասարկո՞ւմ՝ լինելով ՀՀ իշխանություն։ Եթե չեք ուզում մտնել էդ հաջորդ դավաճանական բեռի տակ, բա գնացեք, մնացել եք, որ զիջե՞ք։ Զիջեք, որ ի՞նչ լինի՝ խաղաղությու՞ն, է ասում եք էդ էլ չի լինի, վստահ չեք․ բա էլ ի՞նչն է ձեր մոտիվացիան, որ ամեն առիթով ելնում-ասում եք՝ պատրաստ եմ ստորագրել ինչ էլ լինի։ Ես լուրջ եմ ասում, սենց բան հնարավոր չէ պատկերացնել, մարդ պատրաստ է ամեն բան զիջել՝ տեղը ոչինչ չստանալով ու ասում է ես էդ կամքն ունեմ։ Զիջելու կամքը։ Իսկ միգուցե հրաժարական տալու կամքն ունենա՞ք, գնացեք, պրծեք։ Թե չէ, էդ ինչ մի հերոսություն է, երկիրը հանձնելու կամք ունենալը՝ իմանալով, որ քեզ ատելով ատում են, դու էլ սաղ կյանքդ ոստիկանների հետևներն ես պախկվելու։

Դուք ստանձնել եք պատասխանատվություն Հայաստանի ու Արցախի ժոովրդի անվտանգության համար։ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն են նման պատասխանատվություն ստանձնել ու մինչ ձեր գալը, կատարել են իրեն այդ պարտավորությունը։ Դուք եկել եք, վատ բանակցել եք, պրավալ եք տվել, բերել եք պատերազմ, հանձնել եք, զոհել եք ու մնում եք, ասում եք՝ պատրաստ ենք էլի զիջենք, էս ի՞նչ մազոխիզմ ա։ ՄԱԿ-ի ամբիոնից ասում ա՝ Ալիև, քարտեզի վրա ցուց տուր մինչև ուր ես ուզում զիջեմ։ Ես, օրինակ, լրագրողս, իմ վրա եմ պատկերացնում, եթե երբևէ հայտնվեմ նման մի պատասխանատու իրավիճակում ու իմանամ, որ ստիպում են, որ ինչ-որ բան զիջեմ-տամ, որը չեմ ուզում, համարում եմ սխալ, չի ուզում այդ ամենի տերը՝ ժողովուրդը, համաձայն չի, խիստ դեմ ա, կդառնամ անիծված սերնդեսերունդ, կդառնամ ազգս դավաճանած, կասեմ չէ, չեմ կարող, կհելնեմ ու կգնամ, թող գա ով կարող է հետ ֆռացնել։ Բայց սա մնում է զիջում է, զիջում ու էլի ասում՝ պատրաստ եմ զիջեմ, մենակ ծավալն ասեք նախօրոք իմանամ ու խոսք տվեք որ էլ ոչինչ չեք ուզելու։ Հիմա սա, հերիք չէ, չի գնում, նստած մտածում է ոնց արդարացնի այդ դավաճանությունների շարքը․ ասում էր կապիտուլյացիան ստորագրեցի, որ փրկեմ 25 հազար զինվորի կյանք, հիմա էլ ասելու փրկեցի 120 հազար կյանք, մնացածը դուք գիտեք, ոնց կպայմանավորվեք։ Անկեղծ, մոտիվացիան չեմ հասկանում, եթե ելնում ենք այն վարկածից որ դավաճան չի, ազգի մասին է մտածում։

Ընդ որում, երբ արդեն հասկանալի էր, որ պրավալ եք տալիս, պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, պատերազմից հետո, մինչև հիմա ունեցել եք լիքը հնարավորություններ խաղաղ, անցնցում գնալու։ Եղել են մարդիկ ու կան, որ ասում են՝ պատրաստ ենք, գիտենք ինչ անենք, որ էս վիճակը փոխենք, ստանձնենք պատասխանատվություն ու լուծումներ տանք։ Ասում եք չէ, մենք ենք մնում, բայց տանում ենք զիջենք, բայց պատասխանատուն մենք չենք, ՀԱՊԿ-ն է, Արևմուտքն է, ռուսներն են, ՄԱԿ-ն է։ Ու սկսում եք վերլուծություններ անել, թե ձեր տեղեկություններով Ալիևի մտքին ինչ կա։ Բայց քաղաքացին հո ձեզանից վերլուծություն չէր սպասում, ոչ էլ սպասում էր մեղավորների նշանակում․ մարդիկ հուսով էին, որ կոնկրետ աշխատեք, լուծումներ գտնեք, որից մենք դուրս գանք առանց կորուստների։ Դուք աղետը փակում եք աղետով ու խելքի չեք գալիս, շեղում եք մարդկանց, ամեն օր ինչ-որ անհաջող կադրի հանում եք բերում ավելի բարձր տեղ, մեկ ուրիշ անհաջող կադրին նրան փոխարինող տանում։ Ձեր ծրագրում, կառավարության ծրագրում չի եղել մի տող այն մասին, ինչ դուք հիմա եք ասում։ Ընտրությունների ժամանակ ասեիք, որ գալու եք միայն վայելքի համար։ Կրկնում եմ, վերցրել եք իշխանություն, դրա հետ միասին՝ պատասխանատվություն։ Եթե դուք չլինեիք, ձեր փոխարեն ցանկացած իշխանություն լիներ, էս պահանջը նրանց առաջ էր դրվելու։ Իշխանություն եք կոչվում, փողեր ու պաշտոն եք մեջ-մեջ անում, լավ չալաղաջ կտորները ձեր բարեկամներին, մնացածը՝ թմի մանր մունր անդամներին, մունաթ եք գալիս մյուսների վրա, ինչի՞ համար։ Չեք կարող ասել գիտե՞ք մենք իշխանություն ենք, բայց պատասխանատու ենք միայն պետական պաշտոնները լրացնելու մասով, փողերը ձեզանից հավաքելու, պարտքեր վերցնելու, մեջ-մեջ անելու համար։ Ու պետք չի զարմանալ, պարտադիր լինելու են էսպիսի բաներ, հազարավոր մահեր են եղել ու էլի լինելու են, որովհետև մենք գործ ունենք քայլող փորձանքների հետ։ Ոչ մի կադր իր տեղում չէ։ Սուրմալուի դեպք եղավ, ոչ մի բան չբացահայտվեց, չուղղվեց, եղավ Վարդենիսի դեպք, պաշտպանության նախարարը պետք է մեկ ժամ հետո վերտալյոտով հասներ դեպքի վայր․ 3 օր հետո գնաց․ ինչո՞ւ, որովհետև պատասխանատվություն չեն կրում, մեկ է՝ քանի Նիկոլը կա, ինքը պաշտոնի է լինելու, պաշտպանության նախարար չեղավ՝ փոխվարչապետ կլինի, ՄԻՊ կլինի, մարզպետ կլինի, դա է կարևորը։ Եթե էս միջադեպերը լինեին սրանից 15 տարի առաջ, 10 տարի առաջ․ պաշտպանության նախարարը գիշերով կհասներ էնտեղ, փրկարարների հետ կաշխատեր, վերջում էլ դիմում կգրեր։

Կարճ ասած՝ մեր երկրում, Արցախում կատարվողն ունի կոնկրետ մեղավորներ ու պատասխանատուներ։ Կանգնեցրել եք ծանր իրավիճակի առաջ, հիմա կա՛մ լուծում եք, կա՛մ հեռանում եք։ Այլ տարբերակ չկա։ Մենք էլ, ժողովուրդ ջան, եկեք ոչ մի բանով չշեղվենք, ոչ մեկիս մյուսին մեղադրանք, կամ պատասխանատվություն չվերագրենք՝ հստակ իմանալով ովքեր են պատասխանատուները, որ չունենանք հիասթափություններ։ Կան կոնկրետ խնդիրեր, հասցեն էլ գիտենք, անձանց էլ գիտենք, լուծման ուղիներն էլ գիտենք, պարտադրելու ձևերն էլ հնարավոր է արդյունավետ չեն, բայց նույնն են։ Եվ ուրեմն, պետք է իրական պատասխանատուներին պարտադրել կամ անեն իրենց գործը կամ պարտադրել՝ հեռանան։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ