09 11 2023

«Կարճ ասած»․ Իսկ դուք ի՞նչ կանեք ձեզ խաբողի հետ



 

Շատ կուզենայի, որ այսօր, երբ գնում ենք Եռաբլուր, երբ ամեն քաղաքացի ֆեյսբուքյան էջում տեղադրում է իր նահատակ հերոսի լուսանկարը՝ 44-օրյա պատերազմի ու կապիտուլյացիայի կապակցությամբ, խոսեինք նաև որոշ առաջընթացի մասին։ Ասեինք՝ պարտվել ենք, վատագույն ձևով, բայց այս ու այս հարցերում մեջքներս շտկել ենք, առողջանալու, վերականգնվելու ճաապարհին ենք։ Դա կնշանակեր, որ հասկացել ենք պարտության պատճառը ու թոթափում ենք։ Այդ առաջ քայլի մասին չեմ կարող խոսել։ Չկա։ Մենք շատ ու շատ բաներ չենք արել, շատ բաներ սխալ ենք արել, ամեն մեկս, անհատական և կառավարությունը, պետությունը։

Համաշխարհային պատմությունից գիտենք հետևյալը՝ աշխարհում չկա երկիր, որն ընդհանրապես չի պարտվել, միշտ հաղթել ա, չկա էդպիսի երկիր։ Բայց այդ պարտությունը, նվաստացումը չի եղել շարունակական, ունեցել է ավարտ․ ինչո՞ւ, որովհետև պետությունը, ժողովուրդը չի շարունակել ապրել նույն ղեկավարով՝ ղեկավարը հեռացել ա, հեռացրել են, տեղեր կան՝ ինքնասպան ա եղել կամ սպանել են կամ փախել ա։ Որևէ երկիր չի զարգացել պատերազմից հետո ղեկավարին պահելով։ Կասեք՝ Սաակաշվիլին պարտությունից հետո մնաց․ իսկ ի՞նչ էր Վրաստանի վիճակը․ նվաստացավ էնքան, մինչև գնաց։ Մեր թշնամուն նայենք․ ադրբեջանցիները պարտվել էին արդեն 93-ի աշնանը․ և որպեսզի  պարտությունը չդառնա շարունակական, իշխանությունից հրաժարվեցին ու բերեցին փորձառու Հեյդար Ալիևին։ Հլը մի պահ պատկերացրեք՝ եթե Իլհամ Ալիևը պարտվեր կամ գոնե չհաղթեր 44 օրյա պատերազմում, քա՞նի րոպե կմնար գահին։ Վստահ եմ՝ բոլորդ ասացիք, որ ոչ մի րոպե, շատերդ էլ ասացիք, որ ալիևին իր ընտանքի հետ կվառեին Բաքվի հրապարակում: Իր հաղթելու բանալին էդ ա, ու մեր պարտության բանալին էլ սա է․ պարտությունից 7 ու կես ամիս հետո ունեցանք շանս՝ վերքերը սպացնելու․ հստակ ընտրություն կար՝ էլի պարտվել ու նվաստանալ կամ վերականգնվել։ Պարզվեց՝ 5 հազար տարեկան լինելը իմաստության նշան չէ․ մեր ժողովուրդն ընտրեց նվաստանալը և ստացավ դա։ Եթե պարտված ղեկավարը մնում է, պարտությունն ու նվաստացումը լինում է երկարաժամկետ, չավարտվող։

Հաշվեք Հայսատանի ու Արցախի կորուստները Նիկոլին երկրորդ անգամ ընտրելուց առաջ ու հետո։ Չոր հաշվարկ, առանց վերլուծության․ 2020 թվականին ավարտվել է պատերազմը, կորցրել ենք 10 հազար քառակուսի կիլոմետր՝ պատերազմով և պայմանագրով։ Բայց հլը նայեք պատերազմից հետո ինչքան ենք կորցրել՝ մինչև 2021-ի մայիսը՝ 45 քառակուսի կիլոմետր, Նիկոլի վերընտրվելուց հետո՝ ևս 110 քառակուսի կիլոմետր, 2500 քառակուսի կիլոմետրի չափ էլ՝ Արցախից։ 300-ից ավելի զինվոր ենք կորցրել, ու հլը խոսում են հանձնելու մասին։ Ուրիշները պարտվելուց հետո վերականգնվել են, մենք հլը անոնս են անում նոր տարածքային կորուստների։

Իհարկե՝ պետք է Նիկոլն ինքը հասկանար, որ իր վերընտրվելը մեր կործանումն է ու չմասնակցեր, ամեն քայլի չդիմեր հաղթելու համար, բայց եթե էդքանը չէր հասկացել, ժողովուրդը պետք է հասկանար ու մերժեր։ Չերչիլի մասին շատերդ եք լսել, նույնիսկ հաղթող և հաղթած Չերչիլին բրիտանացիները չընտրեցին, ծառայությունը իր երկրին մատուցելուց հետո չընտրեցին, իսկ Հայաստանում ընտրեցին թուրքին ծառայության մատուցածին։ Ու զարմանում եմ, որ էսօր զարմանում ենք ամենօրյա զոհերից ու զիջումներից։ Երբ ընտրում ես խավարը, լույսի բացակայությունից չպետք է բողոքես․ դու քո ընտրությամբ բացառել ես լույսը։ Պատերազմից հետո քա՞նի հարյուր փոս է փորվել Եռաբլուրում, 3 տարի անցել է, դեռ հուղարկավորություն կա էնտեղ։ Որովհետև մահաբերին եք ընտրել ու զրկել եք ձեզ կյանքից խոսելու իրավունքից։ Երևանի ամենաընդլայնված տարածքը Եռաբլուրն է։

Նույնիսկ նիկոլին ընտրածները կասեն՝ 21 թվականին նրա նախընտրական խոստումները ուրիշ բանի մասին էին, մենք խաբվել ենք։ Բայց ինչո՞ւ էր նա մնացել մինչև 21 թիվը, որ նորից խաբեր։ Հարց եմ տալիս, ա՛յ խաբվածներ․ դուք ի՞նչ եք արել ձեզ խաբողի հետ։ Առաքիչը 1000 դրամ մանրը պակաս էր տվել, պատվիրատուն զանգեց օֆիս, հետ կանչեց, ասաց մանրս հետ տուր․ տվեց, պատվիրատուն նույն պահին հետ տվեց, թե՝ սա քեզ չայեվոյ, էդ փողը մեկ ա տալու էի, ուղղակի չեմ սիրում, որ ինձ էշի տեղ են դնում, խաբում են․ 1000 դրամի համար քո պատիվը պաշտպանեցիր, ապրես․ բայց որ մարդամեկը խաբեց քո անվտանգության, երեխաների ապագայի, հայրենիքի հետ կապված, ի՞նչ արիր։ 1000 դրամը, ստացվեց, ավելի արժեքավոր էր։

Մի զավեշտալի լուր եմ կարդացել՝ Նիկոլն ու Աննան մեկնել են Ֆրանսիա․ Փարիզի խաղաղության համաժողովին Նիկոլը պետք է ելույթ ունենա։ Խնդալու ա, լուրջ եմ ասում․ Էս մարդու օրոք եղել է պատեազմ 2020 թվականի սեպտեմբերին, պատերազմ 2022 թվականի սեպտեմբերին, պատերազմ 2023 թվականի սեպտեմբերին, մեկ մեծ պատերազմ, երկու մինի պատերազմ, լիքը լոկալ բախումներ, կորուստներ, զոհեր ու զոհեր․ սա վերջին մարդն ա, որ կարող ա խոսել խաղաղությունից, որովհետև ինքը պատերազմաբեր ա, մահաբեր ա։ Նիկոլին հրավիրել խաղաղությունից խոսելու, դա նույնն ա, որ, ասենք, Քոչարյան Անդրանիկին հրավիրեն խոսելու աղետի գոտու վերականգնումից, Ալեն Սիմոնյանին հրավիրեն խոսելու մարդկանց հետ շփվելու կուլտուրայից, մանկապիղծին հրավիրեն խոսելու երեխաների դաստիարակությունից, Թալեաթին հրավիրել խոսելու Ցեղասպանության զոհերին հատուցումից։ Նրան կարելի էր հրավիրել ելույթ ունենալու, թե ինչպես մսխել հարկատուների փողերը, ինչպես քանդել բանակը, ինչպես պարտվել պատերազմում, ինչխպես հանձնել անհանձնելին։ Պետք է հրավիրեն խոսելու պետությունը զավթելուց, բայց խաղաղութունից՝ երբեք։ Էդ Մակրոնը, որ Նիկոլին հրավիրել ա ելույթ ունենալու, իր ու Նիկոլի մասին մի անեկդոտ կա․ ասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ Մակրոնը ուզում ա մի պահ դուրս գա՝ հեռախոսով խոսելու, նայում ա՝ աջ կողմում Ալիևն ա նստած, ձախ կողմում՝ Նիկոլը, վեր ա կենում, նիոլի ականջին ասում ա՝ մի րոպեով դուրս եմ գալիս, տեղս չհանձնես։ Խաղաղությունից խոսող են գտել։

Էնքան աբսուդ ա, որ գնում ենք թազա հանձնումների ու էս ընթացքում մի հատ իշխանական գործիչ ինքնասպան չի եղել, երկտող թողներ, որ չի կարողանում հաշտվել իր մեղքի հետ, մեկը չի ասում՝ հրաժարական եմ տալիս։ Պատերազմից հետո ոչ մի բան չի վերականգնվել, մեր պատիվը չի վերականգնվում, նոյեմբերի 10-ը դեռ չի եկել, 3 տարի նոյեմբերի 9-ի մեջ ենք, բայց կարդում եմ՝ երեկվանից Ալեն Սիմոնյանին 54 մլն դրամանոց նոր ամենագնացներ են ուղեկցում, Նիկոլը առավոտից իրիկուն ճամփորդում ա, ՔՊ-ականները իրենց լավ տյունինգ են արել իմ հաշվին, քո հաշվին․ երկիրը մասնատվում ա, իրենք ապահովագրում են իրենց։ Կառավարությունն ասում ա՝ եթե տունը կորցրած արցախցին հաշվին փող ունի, էդ 50 հազար դրամ ողորմությունը չենք տա, բայց իրենց տեսնես ոնց են խնամում ՔՊ-ականները, չնայած վաղուց արդեն միլիոնատեր են։

Եռաբլուրում այսօր հայրն ու մայրը գլուխ գլխի տված նստած էին զավակի շիրիմին ու լացից ցնցվում էին․ վիշտը չի ամոքվում, բայց բազմապատկվում է, երբ իրենց զավակների արյան վրա Ալիևը պառադ է անում․ ծնողի վիշտը չի կարող չմեծանալ, երբ իր զավակին մահվան տանողը դեռ ղեկավար ա, իր երկիրն ու իրեն ա ներկայացնում։ Երբ գյուղում դաժան սպանություն է լինում, բոլոր գյուղերում էդպես է, հավաքվում են գյուղացիները ու գնում են մարդասպանի տուն, պահանջում են մարդասպանին գտնել-հանձնել, եթե փախած է, պահանջում են ընտանիքը գյուղում չապրի, հարազատները ոստիկաններով են ման գալիս, որ վենդետա չլինի, մինչև թողնում գնում են գյուղից։ Մեզ մոտ հազարների մահվան տանելուց հետո դահիճները թիկնապահներով, հազարավոր ոստիկաններով ման են գալիս, ու մենք ամեն օր տեսնում ենք մեր տղերքին սպանողներին, մեր հողերը հանձնողներին, ու սուգը բազմապատկվում է։ Հայկական երկրորդ մայրաքաղաքում թշնամին զորահանդես է անում, իսկ մենք գնում ենք Եռաբլուր սգալու։ Առաջինը Նիկոլի շնորհիվ է, երկրորդը՝ Նիկոլի պատճառով։ Ինչո՞ւ է Ալիևը անընդհատ մտահոգվում ռևանշից, մատ թափ տալիս․ վախենում է, որ մի օր կարող ա հիշեք պատվի, նամուսի, բարոյականության մասին ու էստեղ փոփոխություն անեք։

Երեկվա պառադը հայաստանյան լրատվամիջոցների մեծաասնությունը չլուսաբանեց, հասկանալի է, ցավ է բոլորի համար, նվաստացում։ Բայց առաջարկում եմ դնեք նայեք մի հատ, պետք չէ գլուխներս մտցնենք ավազի տակ, թե սենց բաներ տեղի չեն ունենում․ պետք է նայել, տեսնել, հասկանալ, զգալ ու աշխատել ինքներս մեր գիտակցության վրա, որ հերթական նմանատիպ սխալներ, չանենք, բանանի գնի խաթր նման ճակատագրի ազգովի չարժանանանք։

Կարճ ասած՝ պարտվելը այլ բան է, նվստանալը՝ այլ բան։ Մեր ցածրանալը տեղի ունեցավ պարտությունից հետո։ Պարտվողի դեմքն է մեզ ստիպում է անցնել էդ նվաստացումների միջով։   

Նոր բաներ չասացի, բայց ինչի՞ եմ սա նորից ասում․ ուրիշ պարագայում կմտածենք՝ ինչ եք խոսում անցած գնացած բաների մասին․ հիմա խոսում եմ, որովհետև սա նաև մեր գալիքն է․ առաջիկայում էլի հանձնելու է, տալու է, պարտվելու է ու վստահ եմ՝ էլի կանգնելու եք արտահերթ կարգով ընտրության առաջ։ Ու էլի ընտրելու եք՝ նվաստանալը, թե՞ փրկելը, եթե փրկելու բան մնացած լինի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ