06 04 2024

ՊԵԿ-ը ձախողել է. նախատեսվածից 43,6 միլիարդ դրամով պակաս հարկ է հավաքվել. 168.am

ՊԵԿ-ը ձախողել է. նախատեսվածից 43,6 միլիարդ դրամով պակաս հարկ է հավաքվել. 168.am

168.am-ը գրում է.

Թվում է, թե Պետեկամուտների կոմիտեն բյուջեի հարկային եկամուտների ապահովման հետ կապված խնդիրներ չպիտի ունենար։ Տնտեսական բարձր աճեր են գրանցվում, արտաքին առևտուրն է անգամներով ավելացել, ներքին սպառումն է աճել, հարկային բեռն է ծանրացրել, բազմաթիվ ոլորտներում տույժ-տուգանքներն են բարձրացել։ Սրանք բոլորը դրական գործոններ են բյուջեի եկամուտների համար։ Բայց դա էլ փրկություն չի եղել։

Պետեկամուտների կոմիտեն ձախողել է այս տարվա առաջին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումը։ Ճշգրտված պլանը թերակատարվել է, այն էլ՝ բավական մեծ չափով։

Նախատեսված 544,2 մլրդ դրամի փոխարեն՝ առաջին եռամսյակում հաջողվել է հավաքել ընդամենը 500,6 մլրդ դրամ։

Առաջին եռամսյակում 43,6 մլրդ դրամով պակաս հարկային եկամուտ է հավաքվել, քան նախատեսվել էր։

Թերակատարումը կազմում է 8 տոկոս, ինչը լուրջ ռիսկ է ստեղծում այս տարվա պետական բյուջեի պլանավորված եկամտային մասի կատարման համար։

43,6 միլիարդը բավական մեծ ճեղք է, որը հետագա եռամսյակներին ոչ միայն դժվար կլինի փոխհատուցել, այլև հավանականությունը մեծ է, որ կխորանա։ Իսկ դա նշանակում է, որ 2024թ. բյուջեն առաջիկայում կանգնելու է նախատեսված ծախսերը կատարելու խնդրի առաջ։ Կայունացման ֆոնդում որոշակի գումարներ կան, բայց այս տեմպով թերակատարումը շարունակելու պարագայում դրանք էլ բավարար չեն լինելու բյուջեի ճեղքը փակելու համար։ Ստիպված են լինելու կրճատել ծախսերը կամ նոր պարտքեր վերցնել՝ չստացված եկամուտների բացը լրացնելու համար։

Թե ինչո՞ւ են նախատեսված մուտքերը թերակատարվել, հատկապես, որ տարեսկզբին, պաշտոնական տվյալներով, Հայաստանում երկնիշ տնտեսական աճեր են գրանցվում, առայժմ բացատրություն չկա։

Դրա փոխարեն՝ ՊԵԿ-ն առաջին եռամսյակի հարկային եկամուտների կատարողականի վերաբերյալ մի խճճված տեքստ է հրապարակել՝ խնամքով թաքցնելով պետական բյուջեի հարկային եկամուտների ճշգրտված պլանի կատարողականի տապալումը։ Ոչ մի խոսք այդ մասին։

«2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 500.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 59.8 մլրդ դրամով կամ 13.6 տոկոսով։

Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 88.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 25.5 մլրդ դրամով կամ 22.4 տոկոսով: Նշենք, որ մաքսային մարմինների կողմից ապահովված եկամուտների նվազումը պայմանավորված է տարբեր ապրանքների ներմուծման ծավալների կրճատմամբ:

Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 88.6 մլրդ դրամ (ցուցանիշում ներառված չէ 15.8 մլրդ դրամ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը), ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 4.9 մլրդ դրամով կամ 5.3 տոկոսով (2023թ. վերադարձի ցուցանիշում ներառված է 11.8 մլրդ դրամ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը):

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկային և մաքսային մարմինների կողմից ընդհանուր հավաքագրվել է 589.2 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 88.6 մլրդ դրամ։ Արդյունքում՝ հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով փաստացի կատարողականը կազմել է 500.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 39.3 մլրդ դրամով կամ 8.5 տոկոսով:

Եթե դիտարկենք 2023 թվականի առաջին եռամսյակի կատարողականը՝ 2024 թվականի հաշվարկման տրամաբանությամբ, այն է` վերադարձվող գումարներից չպակասեցնելով հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը, ապա 2024 թվականի առաջին եռամսյակի ապահովված եկամուտներն ավելի կլինեն նախորդ տարվա համադրելի ցուցանիշից 27.4 մլրդ դրամով կամ 5.8%-ով»,- հայտարարել էր Պետեկամուտների կոմիտեն։

Այս տեքստից, անշուշտ, դժվար է գլխի ընկնել, որ ՊԵԿ-ը թերակատարել է հարկային եկամուտների ճշգրտված պլանը։ Բայց փաստն այն է, որ թերակատարել է. ճշգրտված պլանով նախատեսվել էր առաջին եռամսյակում հավաքել 544,2 մլրդ դրամ՝ բյուջեի փաստացի մուտքերը կազմել են 500,6 միլիարդ։

Մնացածը լոլոներ են։ Թե ԱԱՀ մասով ինչքա՞ն գումարներ են վերադարձել հարկատուներին ու ֆիզիկական անձանց, բացարձակ կապ չունի բյուջեի փաստացի եկամուտների հետ։ Դրանք գումարներ են, որոնք մի տեղից մտնում են, մյուս տեղից վերադարձվում են հարկատուներին։ Եկամտային ու ծախսային առումով այդ գումարները ոչինչ չեն տալիս բյուջեին։

Բյուջեի փաստացի մուտքերն առաջին եռամսյակում կազմել են 500,6 մլրդ դրամ. հունվարին ՊԵԿ-ը կարողացել է հավաքել 177,6 միլիարդ, փետրվարին՝ 132,1 միլիարդ, և մարտին՝ 190,9 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտներն ավելացել են 39,3 մլրդ դրամով կամ 8,5 տոկոսով։

Ընդ որում, այս աճի մեջ հաշվարկված է նաև հիփոթեքի գծով վերադարձված եկամտային հարկի գումարը, որը նախորդ տարիներին չէր հաշվարկվում ու չէր մտնում փաստացի մուտքերի մեջ։ Եթե դա էլ հանում ենք, առաջին եռամսյակի հարկային եկամուտների աճը շատ ավելի համեստ է ստացվում։

Եվ սա՝ այն պարագայում, երբ նախորդ տարվա 2 տրիլիոն 222 մլրդ դրամի դիմաց՝ այս տարի նախատեսվում է հավաքել ավելի քան 2 տրիլիոն 613 միլիարդ դրամ հարկային եկամուտ՝ 391 միլիարդով կամ 17,6 տոկոսով ավելի։

Առաջին եռամսյակում ավելի է հավաքվել ընդամենը 39,3 մլրդ դրամ, մնում է 351,7 միլիարդը։

Բյուջեի հարկային եկամուտների առաջին եռամսյակի կատարողականի այս պատկերը շատ մտահոգիչ է։ Բայց պետք է հաշվի առնել, որ խնդիրները նոր չեն սկսվել։ Անցած տարի էլ կառավարությունը ձախողեց բյուջեի հարկային եկամուտների ճշգրտված պլանի կատարումը։ Արդեն այս տարվա սկզբին խնդիրներն ավելի են խորացել։ Պահպանվելու դեպքում տարեվերջին կառավարությունը կանգնելու է ծախսային լուրջ բարդությունների առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ