20 09 2023

Մենք գնալու ենք կենաց-մահու պայքարի, բայց մերը կենացն է լինելու, մահուն չի լինելու․ Սրապիոնյան



Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով օգնել Արցախին:

«Արդեն 5 տարի է մեր ծառի որդը կրծում է մեր բունը և էդ բունը կտապալվի, եթե այդ որդի վերջը չտրվի»,- կառավարության շենքի դիմաց հավաքվածներին դիմեց  գրականագետ, հանրային գործիչ Սերժ Սրապիոնյանը։

Նրա խոսքով՝ մեղավորներ չպետք է փնտրել ուրիշների մեջ, ուրիշներն ավելի հայ չեն կարող լինել․ «սա ասում են նաև՝ ռուս, պարսիկ ու այլ երկրները  ներկայացնող քաղաքական մտածողները։ Որևէ ցավակցական խոսք չենք լսում, երբ անտառում թաքնվել ցանկացող հայ երեխայի վրա կրակում է քո թշնամին և  եթե քո ներսից քո թշնամուն դու չես դատապարտում, ուրիշը չի դատապարտի․․․ Այսօր մենք կա՛մ լինելու ենք, կա՛մ դառնալու ենք հայ ժողովրդի վերջին ներկայացուցիչները երկրագնդի վրա»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

«Արցախի Պաշտպանական բանակի հերոս մարտիկներին  քո դարավոր թշնամին համարում է ռազմական հանցագործ և այստեղ լռում են»,-ասում է նա՝ հավելելով․ « Պետք է ճիշտ ճանաչել այն կենտրոնը, որտեղ հյուսվում է հայ ժողովրդի դավադրությունը և այդ կենտրոնը Հայաստնի կենտրոնում է․ մեզ համախմբվածություն է պետք։ Մենք գնալու ենք կենաց-մահու պայքարի, բայց մերը կենացն է լինելու, մահուն չի լինելու, կգան ժամանակներ և մեր կամքը կթելադրենք էրդողաններին, ալիևներին  և նրանց ծառաներին»,-վստահեցրեց  Սերժ Սրապիոնյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ